Ապագա պարեկների ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 5-ը

ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնում է.

«Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և COVID 19 համավարակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության պետի 26.10.2020թ. հրամանով հաստատվել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության նոր ժամանակացույց, որով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել էր մինչև նոյեմբերի 21-ը:
Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ընդունելության ստուգումներ և հարցազրույցներ են անցել այն դիմորդերը, ովքեր հարգելի պատճառներով հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ստուգումներին և հարցազրույցներին:

Այս պահի դրությամբ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), ֆիզիկական պատրաստականության ստուգումը և հարցազրույցի փուլը հաղթահարել են 917 դիմորդներ: Այդուհանդերձ դեռևս 2 դիմորդ հնարավորություն չի ունեցել մասնակցելու ֆիզիկական պատրաստականության ստուգմանը և հարցազրույցին, իսկ 13 դիմորդ՝ միայն հարցազրույցին՝ ռազմական գործողություններին մասնակցելու կամ այլ հարգելի պատճառներով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ հարցազրույցը բարեհաջող հաղթահարած շատ դիմորդներ դեռևս չեն զորացրվել՝ ՀՀ ոստիկանության պետի 23.11.2020թ. հրամանով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 5-ը:

Դրանից հետո միայն ընդունող հանձնաժողովի կողմից կամփոփվեն ընդունելության ընդհանուր արդյունքները և կհայտարարվեն մրցույթը հաղթահարած 770 դիմորդների տվյալները, ինչպես նաև դասընթացների մեկնարկի ժամկետը:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով.
-ՀՀ ոստիկանության կրթահամալիր – 010 770 981
– ՀՀ արդարադատության նախարարություն -010 594 178»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել