Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի քան երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, կորոնավիրուսային, առկա ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունների մասին: Ընդգծվել է երկրում կայունության պահպանման կարևորությունը, պետական ինստիտուտների, կառույցների համակարգային կայացվածության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել հատկապես սոցիալական ցանցերում տիրող անհանդուրժողականությանը և կեղծ լուրերի ու կեղծ օգտատերերի վտանգավոր առատությանը, ժողովրդին պառակտելու, հասարակության բևեռացվածության անթույլատրելիությանը:
Հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին, ինչպես նաև արտահայտել իրենց տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի վերաբերյալ։