Գագիկ Ծառուկյանը «Հանրային ծառայության մասին» օրենքի մի քանի կետեր է խախտել․ ԿԿՀ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ վարույթի նյութերը։ Պարզվել է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից խախտվել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի պահանջները:

ԿԿՀ-ից հայտնում են, որ 2020 թվականի հուլիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ.Կարապետյանը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգի միջոցով Հանձնաժողովին հասցեագրել է դիմում։

Դիմումի մեջ ներկայացրել է տեղեկություն այն մասին, որ.

1) 2020 թվականի հունիսի 24-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է մուտքագրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի՝ 2020 թվականի հունիսի 23-ի արձանագրությունը՝ ստորագրված Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը)։

2) Էլեկտրոնային գրանցամատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեռևս 2018 թվականի հունվարի 22-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն էր ներկայացվել «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան ՍՊ ընկերության մասնակցի՝ 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ընկերության կանոնադրության մեջ։ Նշված որոշումը ստորագրվել էր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից։

Դիմումատուն նշել է, որ վերոգրյալը վկայում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից ՀՀ Սահմանադրության
«Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը» վերտառությամբ 95-րդ հոդվածի հնարավոր խախտման մասին և խնդրել է Հանձնաժողովին իր լիազորությունների շրջանակներում պարզել քննարկվող գործողություններում անհամատեղելիության պահանջի խախտման առկայությունը։

Վարույթի մասնակցի ներկայացրած դիրքորոշումն ու պարզաբանումները

2020 թվականի օգոստոսի 28-ին և 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Հանձնաժողովի կողմից Գագիկ Ծառուկյանին ներկայացրած գրություններին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն իր ներկայացուցիչ, փաստաբան Էմին Խաչատրյանի միջոցով ներկայացրել է դիրքորոշում հետևյալ հիմնավորումներով․

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում կարող է իր բաժնեմասը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում հավատարմագրային կառավարման հանձնելուն զուգահեռ նշանակել նաև գործադիր մարմնի ղեկավար, ինչը չի կարող դիտարկվել որպես պաշտոնի անհամատեղելիության պահանջների խախտում, քանզի դրանով նա չի մասնակցել ընկերության կառավարմանը, չի որոշել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև կազմակերպություններ հիմնադրելու կամ նրանց մասնակցելու հարցերը, չի փոփոխել ընկերության կանոնադրության և ընկերության կանոնադրական կապիտալի չափը, չի հաստատել տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, չի բաշխել ընկերության շահույթն ընկերության մասնակիցների միջև, չի ընդունել ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթեր, և այլ հարցեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են ընկերության կառավարմանը։ Ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելը՝ զուտ ընկերության գործադիր մարմնի ղեկավար նշանակելու հարցի քննարկման համար, չի կարող դիտարկվել որպես պաշտոնի անհամատեղելիության պահանջների խախտում, հատկապես այն դեպքում, երբ ընկերության հավատարմագրային կառավարիչը եղել է նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավար և օբյեկտիվորեն զրկված է եղել իր
պարտականությունները կատարելու հնարավորությունից, որպիսի պայմաններում ընկերության նոր գործադիր մարմնի ղեկավար նշանակելը չի կարող դիտվել որպես ընկերության կառավարմանը մասնակցել։ Ավելին, տվյալ դեպքում, երբ դադարեցված չէր հավատարմագրային կառավարչի լիազորությունները, իսկ վերջինս օբյեկտիվորեն զրկված էր իր պարտականությունները կատարելու հնարավորությունից, որևէ այլ անձ իրավասու չէր նշանակել ընկերության գործադիր տնօրեն, իսկ գործադիր տնօրեն չնշանակվելու դեպքում ընկերությունը կարող էր հայտնվել մի իրավիճակում, երբ զրկված կլիներ հարկային հաշվետվություններ ներկայացնելու, հարկեր վճարելու, աշխատողներին աշխատավարձ վճարելու հնարավորությունից, որպիսի հանգամանքներն էական վնաս կպատճառեին ինչպես պետությանը, այնպես էլ ընկերության աշխատակիցներին ու հնարավոր այլ անձանց (2020 թվականի սեպտեմբերի 14-ին ներկայացված դիրքորոշում)։

Համացանցում առկա տեսանյութերի առնչությամբ վարույթի մասնակիցը ներկայացրել է, որ այդ տեսանյութերի ուսումնասիրությունը որևէ կերպ չի փաստարկում Գագիկ Ծառուկյանի ներգրավվածությունը հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունների գործադիր մարմինների տիրույթում գտնվող որոշումների կայացման գործընթացին։ Մասնավորապես, ներկայացված հարցադրումներին ի պատասխան Գ. Ծառուկյանի ներկայացուցիչը հայտնել է, որ «Մարդ որը կառուցում է» ֆիլմի առաջին հատվածում Գագիկ Ծառուկյանը ոչ թե որոշում և սահմանում է խաղողի մթերման գինը, այլ, տեղեկանալով խաղողի մթերման ցածր սակագնի մասին՝ պատրաստակամություն է հայտնել անգամ սեփական ակնկալվող եկամտի մի մասից հրաժարվելու պայմանով՝ առաջարկել կառավարիչներին սահմանել խաղողի մթերման բարձր սակագին։ Մյուս տեսանյութերում ներկայացված դրվագները նույնպես հանդիսանում են առաջարկներ կառավարիչներին, կրում են լոկ խորհրդատվական բնույթ և չեն կարող մեկնաբանվել որպես ներգրավվածություն ընկերությունների կառավարման գործընթացներին։ Ի պատասխան հանձնաժողովի հարցադրման, որ «Արարատ ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերություն կատարած այցելության մասին պատմող տեսանյութում Գագիկ Ծառուկյանը խոսում է ընկերության ընթացիկ կառավարմանը վերաբերող հետագա աշխատանքներից և թանկարժեք նվերներ նվիրում գործարանի երկարամյա աշխատակիցներին, ներկայացվել է դիրքորոշում, որ Գագիկ Ծառուկյանը «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցներին թանկարժեք նվերներ հանձնել է բացառապես իր անձնական միջոցների հաշվին՝ որպես բարի կամքի դրսևորում, ճիշտ այնպես, երբ տարատեսակ նվերներ է հանձնում, օրինակ, արվեստի, մշակույթի գործիչներին, որոնք որևէ առնչություն չունեն «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ

Նա նաև նշել է, որ Գագիկ Ծառուկյանն այցելել է Տավուշի մարզ և հանդիպել է խաղողագործներին որպես «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր։ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով պատգամավոր, ինչպես նաև ընկերությունների մասնակից և ստանալով եկամուտ այդ ընկերություններից, ականջալուր է եղել ժողովրդի խնդիրներին և իր սպասվելիք անձնական շահույթի նվազեցման հաշվին (հնչեցնելով խաղողի մթերման գինը) օգնել է ժողովրդին, որպեսզի չսննկանան և շարունակեն գյուղատնտեսական իրենց գործունեությունը, ինչը չի կարող մեկնաբանվել որպես Գագիկ Ծառուկյանի ներգրավվածություն բիզնեսի կառավարման մեջ։

Ի պատասխան հանձնաժողովի այն հարցադրմանը, թե իր ո՞ր լիազորությունների շրջանակներում է Գագիկ Ծառուկյանը հանդիպում իր գործընկեր տարբեր գործարարների ու ներդրողների հետ, նրանց հետ քննարկում գործարար ծրագրեր, այդ թվում՝ համատեղ բիզնեսի զարգացման հիմնական ուղղությունները, ընկերություններ հիմնադրելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև բիզնեսին առնչվող այլ հարցեր, փաստաբանը նշել է, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհի տարբեր երկրներից շատ ներդրողներ գալիս են Հայաստան ներդրումներ կատարելու՝ հաշվի առնելով հենց Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը և նրա հանդեպ ունեցած անձնական վստահությունը, և ամենևին զարմանալի չէ, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում նրանց հետ՝ ներդրումային միջավայրը ներկայացնելու և տնտեսության զարգացման նպատակով հնարավոր ներդրումներ ներգրավելու համար։ Ինչ վերաբերում է տարբեր գործարանների կառուցման, սակագների սահմանման վերաբերյալ պայմանավորվածություններին, ապա դրանք երկուստեք ձեռք են բերվել կառավարիչների կողմից։

Մյուս հարցադրումների առնչությամբ պարզաբանումներ և հիմնավորումներ չեն ներկայացվել՝ խնդրելով հիմք ընդունել նախորդ գրության մեջ
ներկայացված դիրքորոշումները։ Մասնավորապես, որևէ պարզաբանում չի տրվել Հանձնաժողովի գրությամբ բարձրացված հետևյալ հարցերին՝

1) 2017թ մայիսի 20-ի հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքումից ի վեր Գագիկ Ծառուկյանը մասնակցել է իր մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր ժողովների որոշումների կայացմանը առնվազն 14 անգամ, որից 11-ը վերաբերվում է նոր հիմնադրվող ընկերություններին, 3-ը՝ գործող ընկերություններին (այդ թվում՝ ընկերության գործադիր մարմնի ղեկավարին ազատելու, տնօրենի նշանակման և ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն, ինչը, համաձայն պայմանագրի, գտնվում է բացառապես հավատարմագրային կառավարչի իրավասությունների տիրույթում)։ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր ժողովի որոշումների կայացմանն անձամբ մասնակցելու դեպքեր արձանագրվել են նաև նախկինում՝ մինչև Պայմանագրի կնքումը՝ ՀՀ ԱԺ տարբեր գումարումների պատգամավոր հանդիսանալու ժամանակահատվածում։ 14․09․2020թ Հանձնաժողովին հասցեագրված գրության 17-րդ կետում Գագիկ Ծառուկյանը և փաստաբան Էմին Խաչատրանը նշել են հավատարմագրային կառավարչի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին։ Չնայած նրան, որ պայմանագրով սահմանված են եղել համապատասխան դրույթներ, այնուամենայնիվ, գույքի հավատարմագրային կառավարումը հավատարմագրային կառավարչի կողմից անձամբ իրականացվելու անհնարինության պարագայում Գ․Ծառուկյանը միակողմանի չի լուծել պայմանագիրը և մասնակցել է հավատարմագրային կառավարման ներքո գտնվող իր մասնակցությամբ ընկերությունների՝ մասնակիցների ընդհանուր ժողովների իրավասության տիրույթում գտնվող որոշումների կայացմանը։

2) Մինչ գույքի հավատարմագրային կառավարումը հավատարմագրային կառավարչի կողմից անձամբ իրականացվելու անհնարինության ի հայտ գալը իր ո՞ր լիազորությունների շրջանակներում է Գագիկ Ծառուկյանը մասնակցել հավատարմագրային կառավարման հանձնված իր մասնակցությամբ ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովների որոշումների կայացմանը։

3) Գույքի հավատարմագրային կառավարումը հավատարմագրային կառավարչի կողմից անձամբ իրականացվելու անհնարինության պարագայում ինչպե՞ս են մինչ օրս իրականացվում Պայմանագրով սահմանված նրա մյուս պարտավորությունները։

4) Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի կողմից դիտարկվել են գույքի հավատարմագրային կառավարումը հավատարմագրային կառավարչի կողմից անձամբ իրականացնելու անհնարինությամբ պայմանավորված ի հայտ եկած խնդիրների լուծման այլ տարբերակներ։

———

Նշված փաստերի և Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում վերհանված՝ առևտրային կազմակերպությունների կառավարչական գործառույթներին մասնակցելու վերաբերյալ տեղեկությունների համակցությունը Հանձնաժողովի մոտ ձևավորում է այն համոզմունքը, որ բացի օրենքի ձևական խախտումից, առկա է նաև անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտում։

Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա բոլոր փաստերը, ինչպես նաև վարույթի շրջանակներում պարզված տեղեկությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ԵԶՐԱԿԱՑՆՈՒՄ Է․ Գագիկ Ծառուկյանի կողմից խախտվել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի պահանջները։

Մանրամասները՝ այստեղ։

Հավելենք, որ «Հանրային ծառայության մասին» 31-րդ հոդվածով սահմանվում էեն անհամատեղելիության պահանջները։ 6-րդ մասում նշվում է․ «6. Սույն օրենքի իմաստով` առևտրային կազմակերպությունում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների) պաշտոն զբաղեցնելու ներքո հասկացվում է՝

1) առևտրային կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինելը.

2) առևտրային կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնելը.

3) առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը.

4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերից բացի, որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, պատգամավորի, Կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել