ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կրկին հորդորել է սոցիալական ցանցերի օգտատերերին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները և իբր «հերոսական» գործողությունների տեսանյութերը:
«Դրանց տարածումը այսօր բավականին մեծ տեմպ ուներ և երբևէ նախորդ օրերի ընթացքում չի եղել: Խնդրում եմ և հորդորում եմ, որ նման բաների չտրվել, զերծ մնալ նման նյութերի տարածումից, թեկուզ և աննախադեպ մեր հաջողությունների մասին չհիմնավորված տեղեկությունները»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»: