Գոմեշի մսի գործով փոխգնդապետ է ձերբակալվել

ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քր. օր-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):

Մինչ այդ, 29.08.2012թ ձերբակալվել, այնուհետև, ՀՀ քր.օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) մեղադրանքով կալանավորվել է «Ա.Օհանջանյան» ՍՊԸ տնօրենը:

Դեռևս 21.02.2013թ և 22.02.2013թ ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են, համապատասխանաբար, N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) և նրա նյութատեխնիկական գծով տեղակալը (կոչումով մայոր): Միաժամանակ, նույն քրեական գործով, որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին է ընտրվել և մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի պահեստարանի պետին:

Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև հասարակության աջակցությամբ, շարունակելու են հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործընթացը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել