Մինչև ուսումնական տարվա սկիզբը՝ բոլոր ուսուցիչները պետք է պարտադիր թեստավորվեն։ Այս մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած համապետական ծնողական ժողովի ընթացքում հայտնել էր փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Փաստացի, մենք կկարողանանք բացառել այն ուսուցիչների և աշխատակիցների մուտքը դպրոց, որոնք այս պահին վարակված են: Հենց սկզբից կկարողանանք ապահովել կրթության անխափան ընթացքը»,-ասել էր նա, սակայն իրականությունը այլ է։
ՀՀ-ում մոտ 30 հազար ուսուցիչ կա, որոնց թեստավորման գործընթացը մեկնարկեց սեպտեմբերի 3-ին: Արդեն դասերը սկսվել են, բայց ուսուցիչների մի մասը դեռ չի հասցրել թեստավորվել։ Ստացվում է, որ ուսուցիչներն առանց թեստավորվելու շարունակում են դասեր անցկացնել։
Իրավաբան.net-ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների մեծ մասի հետ և փորձել պարզել՝ ինչ իրավիճակ է դպրոցներում։
Նշենք, որ ուսումնական հաստատությունների մեծ մասում ուսուցիչներն անցել են թեստավորումը: Հիմնականում՝ բացասական արդյունքներ են եղել:
Դպրոցներից մեկում 54 հոգանոց անձնակազմից բոլորը թոստավորվել են, սակայն պատասխանները մասամբ են ստացել, մինչդեռ բոլորը ներկայացել են աշխատանքի: Մեկ այլ դպրոցում 63 հոգանոց անձնակազմը սեպտեմբերի 14-ին թեստավորվել է, սակայն որևէ մեկի թեստի պատասխանը չի ստացվել (սեպտեմբերի 16-ի դրությամբ)։
Մովսես Ջանբազյանի անվան հ.79 հիմնական դպրոցի տնօրեն Քնարիկ Հայրապետյանն ասաց, որ իրենց թեստավորման օրը նշանակված է սեպտեմբերի 24-ին:
Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանն ասաց, որ թեստավորման օրը սեպտեմբերի 17-ին է նշանակված, սակայն վերջիններս գնացել են դպրոց:
Կան դպրոցներ, որոնք ընդհանրապես տեղյակ չեն, թե թեստավորման օրը երբ է նշանակված, քանի որ պոլիկլինիկաներից դեռ չեն հայտնել։
Այդպիսիններից է՝ Ղազարոս Աղայանի անվան հ. 63 հիմնական դպրոցը։ Գործավարուհու փոխանցմամբ՝ դեռ օրը նշանակված չէ, իրենք տեղյակ չեն, թե երբ կթեստավորվեն:
Խաչատուր Աբովյանի անվան հ. 84 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Խալաթյանն ասաց, որ իրենց օրը նշանակված է եղել սեպտեմբերի 19-ին, հետո փոխվել է սեպտեմբերի 25-ին, ապա կրկին փոխվել է, սակայն թեստավորման նոր օրվա մասին տեղյակ չեն։
Դպրոցներում, որտեղ թեստավորման արդյունքում դրական պատասխաններ են եղել, ուսուցիչները ինքնամեկուսացվել են:
Օրինակ՝ 87 միջնակարգ դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանը հայտնեց, որ իրենց դպրոցում դեռ 9 հոգի չեն թեստավորվել 1 դրական պատախան ունեն և 1 «կասկածելի դրական»: Երկուսն էլ այս պահին ինքնամեկուսացվել են, նրանք չեն գնացել դպրոց, շփում չի եղել:
Անտոն Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի 120 հոգանոց անձնակազմից 1 դրական պատասխան կա, 3-ը դեռ չեն անցել թեստավորումը, այս մասին ասաց դպրոցի փոխտնօրենը: Նրա փոխանցմամբ՝ ուսուցիչը դպրոց չի գնացել և ոչ ոքի հետ շփում չի ունեցել:
Ավելի վաղ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ թեստավորումները ավելի շուտ հնարավոր չի եղել իրականացնել։
«․․․Որովհետև ապարդյուն, անիմաստ կլիներ, որովհետև ժամկետները, որ սահմանվում են, որ պետք է ճիշտ լինի, կազմակերպվի այդ գործընթացը, ավելի շուտ հնարավոր չէր կազմակերպել, դրա համար արագ տեմպի մեջ փորձում ենք ավարտին հասցնել սկսված գործը»,-նշել է նա:
Մինչդեռ ստացվում է, որ հիմա, երբ սկսվել է ուսումնական տարին, շատ ուսուցիչներ դեռ Covid-19-ի թեստավորումը չանցած գնում են դպրոց և չի բացառվում, որ նրանց շարքերում վարակված անձ լինի։
Նախարարությունից հայտնել են, որ թեստավորման գործընթացը կշարունակվի ամբողջ սեպտեմբեր ամսին:
Հասմիկ Սարգսյան