ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները

*Վարդան Այվազյանի հետ մեր զրույցը՝ վերջում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքում ընդունված Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի վերաբերյալ (նախատեսվում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորում ու Սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացում) Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը հարցազրույց է ունեցել Aravot.am-ի հետ։

Հարցազրույցը վերանգրված էր․ «ՍԴ և Վճռաբեկ դատարանների միավորմանը «կողմ» քվեարկած անձինք սկսել են պետականության ապամոնտաժումը. Վարդան Այվազյան»։

Հարկ է նշել, որ Այվազյանն այս հարցազրույցում թույլ է տվել մասնագիտական էթիկայի կանոնների խախտումներ պարունակող հայտարարություններ՝ դրանով իսկ գցելով Մայր բուհի` Երևանի պետական համալսարանի համբավն ու պատիվը, հնչել են նաև մասնագիտական առումով փաստազուրկ, որոշ հատվածներում՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հասցեին անգամ վիրավորական բնույթ կրող արտահայտություններ։

Մեջբերենք մի քանի հատվածներ․

  • «Ի՞նչ խնդիր է դնում իշխանությունը՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորելով մեկ՝ Գերագույն դատարանում, պատասխանեց. «Դա սորոսական ծրագրի իրականացում է ենթադրում: Իսկ այդ ծրագիրը շատ պարզ է. առաջինը՝ մարդկանց զրկել բանականությունից»:

Նշված հատվածում, առնվազն հասկանալի չէ, թե երկու դատարանների միավորման արդյունքում ինչու՞ են քաղաքացիները զրկվելու բանականությունից։

  • Ավելի պատկերավոր լինելու համար, մեր զրուցակիցն այսպիսի համեմատություն է անում. «Երբ, ասենք, բժիշկը այնքան գրագետ է, որ կորոնավիրուսով հիվանդին բուժելու ժամանակ, արհեստական շնչառական ապարատը հիվանդի քթին կամ բերանին միացնելու փոխարեն, հետույքին է միացնում»:

Հատկանշական է, որ գոնե վերջին ամիսներին՝ կորոնավիրուսվ պայմանվորված, Հայաստանում հասարակությունը շատ ավելի բարձր է սկսել գնահատել բուժաշխատողի աշխատանքը և նման համեմատությունը՝ հիվանդ, անօգնական, կյանքի և մահվան կռիվ տվող մարդուն թթվածնային սարքով ապահովելու հետ կապված արտահայտությունը, մեղմ ասած, կոռեկտ չէ։

ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408 – Ն որոշման համար 1 հավելվածով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը։

Կանոնադրության 103-րդ հոդվածում նշվում է, որ ԵՊՀ-ի ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները: 107-րդ կետում նշվում է, որ ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք։

131-րդ կետով էլ սահմանվում է, որ ԵՊՀ-ի աշխատողները պարտավոր են`
-պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները,
-մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ՝ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում,
-կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերով նախատեսված պարտականություններ:

Այս առումով մասնագիտական հանրությանը հետաքրքիր կլինի իմանալ, թե վերջին անգամ ե՞րբ է մասնագիտական այդ թվում մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ վերապատարաստում անցել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:

ԵՊՀ գիտական խորհրդի 2015 թվականի մարտի 26-ի N 6/2 որոշմամբ էլ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմանդրամի ներքին կարգապահական կանոնների նոր խմբագրությունը։

Ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետում նշվում է, թե ինչ պարտավորություններ ունեն ԵՊՀ աշխատողները․ այդ թվում՝

-կատարել Աշխատանքային օրենսգրքով, «Կրթության մասին», «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով, ԵՊՀ ներքին իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտերով նախատեսված պարտականությունները,

-բարձր պահել ԵՊՀ-ի պատիվն ու հեղիանկությունը,

– աշխատավայրում իրենց պահել արժանավայել՝ հետևելով հասարակության համակեցության կանոններին։

Ցավալի է, բայց փաստ՝ Մայր բուհի ամբիոններից մեկի վարիչը՝ գիտամանկավարժական աշխատանք կատարող անձը, թույլ է տալիս ոչ օրինակելի վարքագիծ, արտահայտում մասնագիտական էթիկային ոչ հարիր արտահայտություններ, ինչը, վստահաբար, ոչ միայն պատիվ ու հեղինակություն չի բերում ԵՊՀ-ին, այլ նաև` խոցելի է դարձնում մայր բուհի պատիվն ու հեղինակությունը։

Այլ մեջբերումներ հարցազրույցից․ 

  • «Պետականությունից զրկվելն էլ հանգեցնում է ազգային ինքնության կործանման եւ պետականության ապամոնտաժումը փոխարինվում է ֆեյսբուքյան իշխանությամբ, սմարթֆոնների, այֆոնների մենյուներով: Հիմա, ըստ էության, հանձնաժողովի այդ ութ անդամները, որոնք «կողմ» են քվեարկել, սկսել են պետականության ապամոնտաժումը»:
  • «Սա առաջին քայլն է՝ պետականության կորստից հետո վերացնելու մեր ազգային ինքնությունը եւ ստեղծելու նոր մարդու մոդել, որը պետք է զուրկ լինի բարոյականությունից եւ պատասխանատվությունից, ընդ որում, սա համաշխարհային թրենդ է համարվում: Սրա դեմը, եթե մենք չառնենք, ապա շատ վատ հետևանքներ կունենանք ազգային անվտանգության առումով»:
  • «Մեզ մոտ կա բանականության մթագնում`շիզոֆրենիա՝ առանց հասկանալու, առանց ջանք գործադրելու, առանց գիտելիք ստանալու՝ խայտառակ, անհասկանալի փորձարարություն կատարել պետության և հասարակության նկատմամբ: Դա ամենածանր հանցագործությունն է»,- ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ պատրաստ է Սահմանադրական բարեփոխումների՝ այս համակարգին «կողմ» քվեարկած անդամների հետ, իրենց իսկ նախընտրած հեռուստաընկերությունում, ուղիղ եթերում բանավիճել եւ ապացուցել նրանց սնանկությունը:

Վերոնշյալը փաստարկում է, որ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը թույլ է տվել մասնագիտական էթիկայի կանոնների խախտումներ` դրանով իսկ խախտելով առնվազն ԵՊՀ-ի կանոնադրությունը և ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետով նախատեսված ԵՊՀ-ի պատիվն ու հեղիանկությունը բարձր պահելու դրույթը:

Ուստի ԵՊՀ-ի ղեկավարությունը, պարտավոր է ԵՊՀ-ի կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների համաձայն գնահատական տալ սույն նյութում նշված փաստերին և քննարկել Վարդան Այվազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Իսկ վերջինս էլ, կարծում ենք, պետք է ցուցաբերի մասնագիտական խիզախություն և ներողություն խնդրի մասնագիտական հանրությունից, այդ թվում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից:

Իրավաբան.net-ը կապ հաստատեց Վարդան Այվազյանի հետ, ում հետ զրույցը ներկայացնում ենք ստորև․

-Պարոն Այվազյան, ձեր հարցազրույցում մի քանի արտահայտություններ կան, որոնք կողքի հայացքից բավականին վիրավորական, ինչու ոչ՝ նաև էթիկայից դուրս են թվում, համեմատություն կա բժշակական միջամտության հետ կապված և այլն։ Ըստ ձեզ, դուք էթիկայի որևէ կանոն խախտե՞լ եք։ 

-Ասեմ ձեզ, որևէ կանոն չեմ խախտել, և եթե որևէ մեկը դրանից վիրավորված է և կարծում է, որ կանոն է խախտվել, կարող են իրավական գործիքակազմով իրենց խախտված իրավունքնեը պաշտպանել։ Ես գտնում եմ, որ էթիկայի ոչ մի կանոն չի խախտվել։

-Խոսք է գնում նաև մասնագիտական հանձնաժողովի անդամների, մասնավորապես «կողմ» քվեարկած անդամների վեարբերյալ, եթե որևէ պահանջ լինի, դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել հանձնաժողովից։

-Բացարձակապես, իհարկե ոչ։ Որ հանձնաժողովին հրավիրել եմ բանավեճի, պիտի հանձնաժողովից ներողություն խնդրե՞մ, էս ի՞նչ մանկամտություն ա, կներեք։ Ես ուղղակի չեմ հասկանում, եթե բողոքներ կան, թող իրենք դիմեն համապատասխան մարմիններին, ես կպատասխանեմ, հիմա ասենք ինչա նշանակում ներողություն խնդրել և այլն։ Ձեզ դիմե՞լ են իրենք։

-Ինձ չեն դիմել, պարոն Այվազյան, ես որպես լրագրող Ձեզ եմ հարց ուղղում, ու ուզում եմ հստակեցնել՝ իմ հա՞րցն էր Ձեզ համար մանկամտություն։ 

-Չէ հիմա դուք արդեն սկսում եք խոսքերի վրա, և այլն, հիմա կոնկրետ ձեր ուզածը ի՞նչ ա, ասեք, ես ասեմ։ Ես որևէ մեկից չեմ պատրաստվում ներողություն խնդրել, եթե գտնում են՝ իրենց շահերը ոտնահարված են, ասացի՝ իրենք էլ իրավաբան են, թող իրենց իրավական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանեն։

-Ես լրագրող եմ, ես իմ հարցն եմ ուղղում ու իմ հարցի պատասխանն էի ուզում լսել, ինչը առաջին հենց բառից տվել եմ։ Շնորհակալ եմ պատասխանի համար։

-Խնդրեմ։

 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել