Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող հանրային տարածքը ապօրինի սեփականաշնորհվել է․ Ֆիզիկայի բանավանի բնակիչների նախաձեռնող խումբ

Ֆիզիկայի բանավանի բնակիչների նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ֆիզիկայի բանավանի բնակիչները, որոնք դեմ են Երևան քաղաքի Ալիխանյան 6/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան շենքի կառուցմանը, դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով քննվող տարածքի սեփականաշնորհման ընթացքում թույլատրված ապօրինությունների մասին տեղեկություններ, և խնդրելով ուսումնասիրել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը և անհրաժեշտության դեպքում բողոքարկել դատարանի կողմից կայացված վճիռները:

Միաժամանակ, բնակիչները դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տվյալ տարածքի սեփականատեր հանդիսացող «Ռատկո» ՍՊԸ-ին չտրամադրել քաղաքաշինական փաստաթղթեր։ Այդպիսիք տրամադրելու նպատակով հարուցված վարչական վարույթներին մասնակից դարձնել բնակիչներին:

Բնակիչների հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված տարածքը սեփականաշնորվել է 2004 թվականին՝ ապօրինի ու կեղծ փաստաթղթերի հիման վրա։ Փաստաթղթերում արձանագրվել է իրականության մեջ երբեք գոյություն չունեցող 50.8քմ նկուղ, որը թույլ է տվել վարձակալության, ապա նաև սեփականաշնորհման իրավունք ստանալ 1976.1քմ հանրային տարածքի նկատմամբ։

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2004թ.-ին կայացված վճռով պարտավորեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանմանը չափագրել բնակելի կառուցապատման գոտում գտնվող Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում, ենթակայանի հարևանությամբ Տ. Ա.-ի կողմից կառուցված բնակելի տան նկուղն ու դրա հարևանությամբ գտնվող պարսպապատված հողամասը և ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ օրինականացման նպատակով քննարկման համար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կատարելով վճռի պահանջները, 2004թ.-ի մայիսին Երևանի քաղաքապետարան է ուղարկել Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում ինքնակամ կառուցված բնակելի տան հատակագիծը, որն իրականում գոյություն չի ունեցել:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ այլ քաղաքացիական գործով 2004 թվականին կայացված
վճռով բավարարել է Տ. Ա.-ի դիմումը և պարտավորցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը գրանցել Երևան քաղաքի Ալիխանյան փողոցին հարող տարածքում գտնվող 50.8քմ չափերի նկուղի նկատմամբ Տ. Ա.-ի սեփականության իրավունքը և 1976.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը:

Այդ հասցեում ինքնակամ կառուցված նկուղի կամ բնակելի տան բացակայությունը հաստատվում է հարակից շենքերի երկարամյա բնակիչների հայտարարությամբ։
Ուստի տարակուսելի է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատանքն ու փաստը, որ կոմիտեն չափագրել է գոյություն չունեցող կառույցը։

Այս տարածքում որևէ շինություն չի արձանագրվում տարբեր տարիներին արված արբանյակային լուսանկարներում (google earth), որևէ շինություն պատկերված չէ նաև Երևանի քաղաքապետարանի կողմից Տ. Ա.-ի անվամբ տրամադրված հողամասի գլխավոր հատակագծում։

Ավելին, այդ գլխավոր հատակագծում նշված է, որ հողամասում առկա է սպորտային հրապարակ: Բնակիչներն ու Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները հավաստում են,  որ տարածքը ծառայել է որպես սպորտային և խաղահրապարակ, նաև՝ ավտոկայանատեղի բնակիչների ու ինստիտուտի աշխատակիցների համար։
Ապօրինի սեփականաշնորհված տարածքի մաս է նաև կանաչապատ գոտին, որը որպես թաղամասի կանաչապատ հատվածի մի մաս, մշտապես խնամվել է բնակիչների կողմից։

Նշված տարածքը, ապօրինաբար սեփականաշնորհվելով 2004-ին, 25.04.2006թ.-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Ա․Բ․-ին՝ 117,000,000 ՀՀ դրամ արժեքով, այդպիսով պետությանը պատճառելով նյութական մեծ վնաս։

Հիշեցնենք, որ նշված տարածքում 12-հարկանի բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվության համար ներկա սեփականատեր «Ռատկո» ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարանին․ այս տարվա հուլիսին ընկերությանը տրվել է նախագծման թույլտվություն։ Քաղաքապետարանը մինչ այժմ անտեսել է բնակիչների ներկայացրած բողոքները։ Այս հայտարարությամբ բնակիչները պահանջում են կանգնեցնել գործընթացը՝ հաշվի առնելով արդեն իրավական հիմքերը, չտրամադրել թույլտվություն և նախաձեռնել հանրային տարածքը հանրությանը վերադարձնելու գործընթաց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել