Տիգրան Համբարձումյանը 2015 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Արդեն մոտ մեկ տարի որպես բուժակ աշխատում է շտապ օգնության ծառայությունում, ինչպես նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որը COVID-19-ի դեմ պայքարի օրերին պացիենտների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ -ից։
ԵՊԲՀ սովորողի ընտանիքում բոլորը բժիշկներ են. մայրը, հայրը, եղբայրը: Մանուկ հասակից նա առնչվել է բժշկության հետ և երբեք իրեն այլ մասնագիտության մեջ չի պատկերացրել:
«Որոշեցի բժիշկ դառնալ և շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Սիրում եմ օգնել մարդկանց և այդ պատճառով որոշեցի համավարակի այս բարդ օրերին լինել առաջնագծում և հնարավորությունների սահմանում օգնություն ցուցաբերել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ստիպողաբար չեմ աշխատում, ինքս եմ կայացրել այդ որոշումը և ավելի ու ավելի եմ համոզվում, որ չեմ սխալվել ընտրած մասնագիտության մեջ»,- ասում է Տիգրանը:
Հերթապահում է գրեթե երկու օրը մեկ, աշխատանքը ծավալուն է, բայց խոստովանում է՝ երբ տեսնում է կատարած գործի արդյունքը, ոգևորվում է ու շարժվում առաջ:
«Անկախ ամեն ինչից պետք է սիրել աշխատանքը, հաճույքով անել այն և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի»,- նկատում է ապագա բժիշկը:
Բնական է, որ ձգտում է շատ զգույշ լինել, որ չվարակվի աշխատանքի բերումով և չվարակի նաև հարազատներին: Հույս ունի, որ շուտով պանդեմիան կավարտվի և որևէ մեկին այլևս վտանգ չի սպառնա, և մարդիկ նորից կվերադառնան բնականոն կյանքին:
Երիտասարդը կարծում է, որ երբեք չի փոշմանելու այս ճանապարհն անցնելու համար, որովհետև շատ բան է հասցրել սովորել մի քանի ամիսների ընթացքում և շարունակում է սովորել, որը ապագայում իրեն պետք կգա նեղ մասնագիտական ոլորտում: Նրա խոսքով՝ ամենակարևորը աշխատանքը սիրելն է:
Ընդգծում է, որ հպարտանում է բոլոր ընկերներով, որոնք գնացել են այդ պատասխանատու քայլին և, հրաժարվելով շատ բաներից, գիշեր-ցերեկ հիվանդների կողքին են և պատվով են կատարում իրենց աշխատանքը.
Առաջիկայում Ընդհանուր բժշկության ֆակուլտետի արդեն 6-րդ կուրսի ուսանող Տիգրան Համբարձումյանը պատրաստվում է մասնագիտանալ միկրովիրաբուժության ոլորտում: Դպրոցական հասակից այցելելով տարբեր հիվանդանոցներ, վիրահատարաններ, շփվելով շատ բժիշկների հետ ի սկզբանե որոշել էր, որ պետք է վիրաբույժ դառնա:
Իսկ առաջին կուրսից սկսած հերթապահել է, մասնակցել վիրահատությունների, ինչը նպաստել է, ընտրել միկրովիրաբուժությունը որպես մասնագիտացում, մի բնագավառ, որի միջոցով, ապագա բժշկի գնահատմամբ, տարբեր ծանրության վնասվածքներից վերականգնելուց բացի, հնարավոր է նաև ապահովել արտաքին էսթետիկ տեսք: