Պոլիկլինիկաներում անվճար կիրականացվի Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի թեստավորում

Երևանի առողջության առաջնային պահպանման օղակում անվճար կիրականացվի Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի թեստավորում։

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից։

Յուրաքանչյուր տարի հուլիսի 28-ը նշվում է որպես վիրուսային հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օր: Հատկանշական այս օրը, ՀՀ առողջապահության նախարարությունը, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկայնի անվան առողջապահության ազգային ինստիտուտը», Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնել Հեպատիտ B և C-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար թեստավորում, որը կիրականացվի՝ անանուն, անվճար, հասանելի և արագ:

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որի շրջանակներում բժշկական կազմակերպություններում կիրարկվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական դիտարկման համակարգի, լաբորատոր կատարելագործման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.8 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 2.1 անգամ:

Սակայն փաստ է, որ վիրուսներն իրենց բարդություններով վտանգ են ներկայացնում հատկապես անտեղյակության և չհայտնաբերման դեպքում: Հարկ է նշել, որ վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի, ինչպես նաև կառավարելի  և բուժելի:

Առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ։ Հասանելի է նաև վերապատրաստման դասընթացը ԱԱԻ-ի հարթակում՝ http://online-edu.am/:

Այսօր մեկնարկում է «#Միգուշակիր, #հետազոտվիր» արշավը, նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար:
Այս պահին թեստավորում կարող եք անցնել հետևյալ պոլիկլինիկաններում՝

  1. Թիվ 22 պոլիկլինիկա
  2. Թիվ 12 պոլիկլինիկա
  3. Թիվ 19 պոլիկլինիկա
  4. Թիվ 13 պոլիկլինիկա
  5. Նոր Արեշ պոլիկլինիկա
  6. Թիվ 4 պոլիկլինիկա
  7. Թիվ 5 պոլիկլինիկա
  8. Թիվ 8 պոլիկլինիկա
  9. Կարմիր Բլուր պոլիկլինիկա
  10. Թիվ 15 պոլիկլինիկա
  11. Թիվ 17 պոլիկլինիկա
  12. Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկա
  13. Նոր Արաբկիր պոլիկլինիկա
  14. Արշակունյաց պոլիկլինիկա
  15. Սարի թաղ պոլիկլինիկա

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել