Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Ա․ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գ․ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։