Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Պարետին: Այդ գրության հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրված բողոքները:

Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացրած անձինք խնդրել են թույլատրել նաև բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների և սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։

Ըստ բողոքների՝ իրենց մտահոգությունները պայմանավորված են ռեստորանային ոլորտի սեզոնային շահութաբերությամբ: Դրանից բացի, ռեստորանները ստացել են նաև կանխավճարներ և գործող սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն կանխատեսելու իրենց հետագա գործողությունները:

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասեցագրվել այն մասին, որ ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են ոչ միայն տնտեսվարողները, այլև դրանց հետ փոխկապակցված այլ ծառայություններ՝ շղթայական ազդեցությամբ (հարսանյաց զգեստների սրահները, դիմահարդարման, վարսահարդարման, տեսաձայնագրման ծառայությունները, պարային խմբերը, երաժիշտները, երգիչները, հանդիսավարները, խոհարարները և այլն):

Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ներքո: Նկարագրված հարցերի առնչությամբ այսօր ևս մեկ գրություն ուղարկվել է Պարետատուն։

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության բաժին։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված և Ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիների հետ: Ուսումնասիրվել են նրանց Ոստիկանություն բերելու, վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել