Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շուտով կմեկնարկի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Նիստը կնախագահի դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Դատարանի բակում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները։ Պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ոստիկանները տուգանեցին 10 հազար դրամով՝ դիմակ չկրելու համար։ Նա նշեց, որ առողջական խնդիր ունի, այդ պատճառով դիմակ չի կրում։
Խոսելով այլ պատգամավորների «հավատարմության» խոստումներով նամակների մասին, Պետրոսյանը նշեց․ «Ծառուկյանը իմ մեծ ախպերն ա, ես իրան հավատարմության երդում չպետք է տամ։ Մենք առանց էդ երդման էլ հավատարիմ ենք իրար»։
Նա նաև նշեց, որ ամեն մարդ իր ստորագրածի համար է պատասխանատու, ինքը, համենայն դեպս, նման նամակ չի գրել․ «Եթե մեկը նման բան բերի, ես հրաժարական կտամ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: