ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հետընտրական այցելությունները Հայաստանի մարզեր: Այսօր նախագահի նախկին թեկնածուն այցելեց Տավուշի մարզ:
Հարյուրավոր մարդիկ էին եկել Իջևանի շատրվանների հրապարակ հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ոստիկանության աշխատակիցները տեսախցիկներով նկարահանում էին հավաքի մասնակիցներին: Հավաքը սկսելուց քիչ անց ոստիկանական մեքենայից բարձրախոսով ոստիկանները սկսեցին հայտարարել, որ հավաքը անօրինական է և մասնակիցները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ ոստիկանական մեքենային և ձեռքերը պարզելով ոստիկանին, պահանջեց, որ իրեն պատասխանատվության ենթարկեն, բայց հանգիստ թողնեն քաղաքացիներին, սակայն ոստիկանը որևէ կերպ չարձագանքեց:
Քիչ անց ոստիկանները կրկին բարձրախոսով զգուշացրին հավաքի մասնակիցներին հավաքի ապօրինի լինելու և վարչական պատասխանատվության երնթարկելու մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանը վրդովված կրկին մոտեցավ ոստիկանական մեքենային և փորձեց ոստիկանից տեղեկանալ, թե ում հրահանգն են կատարում, ինչին ոստիկանը պատասխանեց, որ ինքը կատարում է իր ծառայողական պարտականությունները:
Նույն պահին Րաֆֆի Հովհաննիսյանը զանգահարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նրան դիմելով՝ «Բարև զորավար»: Կարճ զրույց ունենալուց հետո ոստիկանները դադարեցին բարձրախոսով կարդալ հայտարարությունը:
Իջևանում ձայների գերակշիռ առավելությամբ հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանը դիմելով իջևանցիներին, մասնավորապես ասաց. «Դուք կորոշեք ձեր մարզպետի և քաղաքապետի ճակատագիրը: Այն երկխոսությունը, որ ես ունեցա ձեր մարզպետի հետ մի քանի շաբաթ առաջ, ինձ մեծ հույս չի ներշնչում: Բայց մի բան դուք պատասխանեցիք իրեն` ես պետք չունեմ որևէ խոսք ասելու իրեն, փետրվար 18-ին դուք իրեն ասացիք, որ սա իմ մարզն է, սա իմ քաղաքն է, իմ բնությունն է: Ծառայեք, կամ հեռացեք»:
Հավաքի ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց Իջևանում, բարևելով ու զրուցելով մարդկանց հետ, որից հետո ուղևորվեց Նոյեմբերյան:
Հանրային թղթակից՝ Վահագն Թամրազյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net