«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հանրային խորհրդի հարգելի գործընկերներ և հարգելի հանրություն,

«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։

Ի նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։

Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։

Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել