Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հանրային խորհրդի հարգելի գործընկերներ և հարգելի հանրություն,
«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։
Ի նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։
Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։
Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ»։