«Տարիներ անց, երբ այդ երեխան գնա մանկապարտեզ կամ դպրոց, նա արդեն լինելու է խարանված»․ հանրային աղմուկն ու երեխայի լավագույն շահը՝ իրավաբանի մեկնաբանությամբ

Իրավաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 8 ամսական երեխայի մոր կալանավորման հայտնի դեպքերի ու դրա վերաբերյալ բարձրացված հանրային աղմուկին։

«Երեկ համացանցային և դրանից դուրս տիրույթը վերածվեց երեխայի լավագույն շահերի մասնագետների պատերազմական դաշտի: Ինչպես և ցանկացած բանավեճ այն հատեց մասնագիտական տիրույթը և դարձավ ինստիտուտների, միջանձնային հարաբերությունների և այլ հարցերի քննարկման առարկա: Դա բնական է, քանի որ հասարակությունում ոչ միայն ագրեսիան է գտնվում բարձր մակարդակի վրա, այլ նաև անհանդուրժողականությունը և անձանց խմբերի բաժանելու, հակադիր բևեռներ ստեղծելու միտումը:

Մասնագիտական կարծիքը դուրեկան չէ այն անձանց համար, ովքեր այդ կարծիքում տեսնում են վտանգ: Մի փոքր մեկնաբանեմ երեխայի լավագույն շահերի խախտումն այս աղմկոտ դեպքով:

1 – Պատկերացնենք, որ տեղեկատվություն տարածվեր, որ կնոջ երեխաների խնամքը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով… Այս դեպքում շատերը չէին մտածի, որ երկու երեխան տատիկի մոտ են, իսկ 1 երեխան՝ ՔԿՀ-ում: Այժմ բոլորը գիտեն, որ 8 ամսական երեխան գտնվում է ՔԿՀ-ում, նրա մորը բոլորը ճանաչեցին թե՛ դեմքով, թե՛ անուն-ազգանունով: Եվ տարիներ անց, երբ այդ երեխան գնա մանկապարտեզ կամ դպրոց, նա արդեն լինելու է խարանված, քանի որ բոլորը կիմանան նրա «գաղութային» անցյալի մասին: Եթե հետագայում նա խնամվի տատիկի մոտ, ապա համայնքն ակամա կպիտակավորի նրան և նրա հետ շփումները կլինեն սահմանափակ, իսկ տարիքի հետ՝ կավելանա այդ երեխայի զոհականացման հավանականությունը (ցավով եմ նշում դա, սակայն քրեական գործերի մեծամասնությունը դա է փաստում): Եթե երեխան հայտնվի մանկատանը, ապա մանկատան սաները կպիտակավորեն նրան (մի մոռացեք, որ երեխաները բավականին դաժան կարող են լինել իրենց հասակակցի նկատմամբ, առավել ևս, եթե հայտվում են ճգնաժամային իրավիճակներում):

Ինչ-որ ժամանակ անց երեխան կընդունի «իր խաչը» և ինչ-որ պահից կսկսի հպարտանալ իր անցյալով, դատապարտված մամայով, նեղություն տեսնելով և այլն՝ ակամա ձևավորելով ենթամշակութային մտածելակերպ: Այդ երեխայի մոտ կսրվի ինքնապաշտպանության բնազդը, ինչից ելնելով նա կսկսի իր ուժն ու իշխանությունը ցույց տալ բակում, մանկատանը, մանկապարտեզում և դպրոցում, ինչից ելնելով մյուս երեխաների մոտ էլ կձևավորվի պատկերացում, որ ՔԿՀ-ում գտնվելն այդքան էլ վատ բան չի, իսկ երբեմն հակառակը՝ կարևոր ուժեղ լինելու համար…. Եվ նրանք էլ կկրկնօրինակեն այդ վարքագիծը: Եվ այսպես մենք պայքարում ենք ենթամշակույթի դեմ….՝ խափարելով երեխայի նորմալ զարգացումը կամ նրա արժեհամակարգի ճիշտ ձևավորումը…

Այն, որ ՔԿՀ-ն երեխայի համար ամենաանբարենպաստ վայրն է, ես դեռ ասել եմ 2012թ.-ին իմ ատենախոսությամբ՝ https://degrees.hesc.am/ru/node/8369
Կան նաև երեխայի սոցիալականացման այլ ուղիներ, սակայն դրանցից յուրաքանչյուրը կրկին երեխայի լավագույն շահերին հակասող հետևանքներ է բովանդակում և լոկ չծանրաբեռնելու համար այստեղ չեմ նշում…

Եվ այսպես սկսվում է երեխայի ստրատիֆիկացիայի երևույթը, որը երեխաների մոտ շատ վտանգավոր է արժահամակարգի խեղաթյուրման պատճառով:
Այն, որ տարածված տեսանյութերը չեն վերանալու համացանցից և մարդկանց հեռախոսներից՝ անհերքելի փաստ է, և այստեղ կարևորը հետևյալն է. արդյոք նման նյութ պատրաստողը և տարածողը երեխայի իրավունքների տեսանկյունից պահպանել է թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենսդրությունը, արդյոք նա ուներ նման իրավասություն երեխայով տեսանյութ տարածելու կամ գնահատել է հնարավոր բացասական հետևանքները, թե՝ պերմանենտ գործել է աղմուկ բարձրացնելու համար:

Շեշտեմ, որ ՀՀ փաստաբանների պալատը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ պատրաստել է շատ լավ ուղեցույց, որին ծանոթանալն օգտակար կլիներ ոչ միայն փաստաբաններին, այլ նաև բոլոր մասնագետներին, ովքեր առնչվում են երեխաների հետ: https://www.unicef.org/…/%D4%B5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1…
Այլ լեզուներով ուղեցույցներն անհամեմատ շատ են և նույնպես հասանելի ու ունեն նեղ մասնագիտացվածություն երեխային առնչվող տարբեր հարցերին:

2 – Երկրորդ կարևորագույն հարցը համակարգեր թիրախավորելն ու պիտակավորել է: ՀՀ-ում չկա որևէ համակարգ, ինստիտուտ կամ մասնագիտություն, որտեղ հնարավոր չէ գտնել բարեխիղճ և անբարեխիղճ մասնագետներ, կամ պարտաճանաչ կամ անպարտաճանաչ մասնագետներ: Կա և՛ բարեծիղճ փաստաբան, և՛ անբարեխիղճ, կա և՛ բարեխիղճ դատավոր, և՛ անբարեխիղճ, կա և՛ բարեխղիճ դատախազ, և՛ անբարեխիղճ, կա և՛ բարեխղիճ քննիչ, և՛ անբարեխիղճ, կա և՛ բարեխղիճ ոստիկան, և՛ անբարեխիղճ: Ցանկը կարելի է շարունակել, սակայն արդարադատության ոլորտում ներգրավված հիմնական դերակատարներին նշելով, նպատակ էի հետապնդում բացառել անիմաստ շահարկումները…

Իհարկե, յուրաքանչյուր մասնագետ ինքնուրույն է որոշում իր աշխատելաոճի տակտիկան և մեթոդիկան, բայց դա չպետք է խախտի այլոց իրավունքներն ու ազատությունները…
Ներկայումս փաստաբան եմ, սակայն եղել եմ նաև քննիչ, մշտապես դասավանդել ու դասավանդում եմ թե՛ ոստիկաններին, թե՛ հոգեբաններին, թե՛ փաստաբաններին, թե՛ քննիչներին, թե՛ դատախազներին, թե՛ դատավորներին ու իմ մասնագիտական մոտեցումները չեն փոխվում լսարանից լսարան, քանի որ նրանք հստակ են:

3 – մասնագիտական քննարկումներն անձնական վիրավորանք ընդունելն առնվազն մասնագիտական անհասության հատկանիշ է, և հարկ է նշել, որ ՀՀ-ում չկա 3 մլն իրավաբան, 3 մլն հոգեբան, 3 մլն վիրուսոլոգ և այլ մասնագետ: Թող բոլորը զբաղվեն յուրաքանչյուրն իր գործով, դուրս չգան մասնագիտական ու ծառայողական լիազորությունների շրջանակներից ու հիշեն ոչ միայն մարդու իրավունքների, այլ նաև երեխայի լավագույն շահերի մասին: Վերջինս ունի գերակայություն անգամ ծնողական իրավունքների նկատմամբ, ինչ մնաց հանրային հետաքրքրության նկատմամբ չունենա….
Լինելով իրավաբան, հաստատ չեմ վիճի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով, քանի որ մասնագիտացված չեմ այդ հարցում, սակայն հանցակազմը շատ մանրամասն կկարողանամ մեկնաբանել և մեկնաբանել եմ…

Հ.Գ. Տարիներ առաջ, երբ 3 երեխայի մայրը կենսաթոշակառու մի կնոջ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարեց գողություն, օգտվելով այդ կնոջ մարզից Երևան գալոու և որդուն տեսնելու փաստից, կրկին հասարակությունն ալեկոծվեց, սկսեց մեղադրել դատավորին, և ես կրկին գրեցի օբյեկտիվ կարծիք, որը կրկին դուր չեկավ հասարակության մի մասին: Սակայն, երբ պարզվեց, որ այդ մայրը գտնվում էր փորձաշրջանի ներքո մի քանի գողոթյուններ կատարելու համար, և նա հափշտակությունը կատարել էր այն բնակարանից, որի սեփականատեր տարեց կինը երկար ժամանակ բնակության հնարավորություն էր տվել այդ հանցագործին՝ իր 3 երեխաների հետ միասին, և դեպքին ու անձանց վերաբերող այլ մանրամասներ, հուզական ֆոնը փոխվեց գիտակցականով, ու սկսվեց օբյեկտիվ գնահատումը:

Դե այն, որ այդ կինը դատապարտվեց իրական ազատազրկան, արդեն այդքան աղմուկ չհանեց…
Եթե այս դեպքի մանրամասները նույնպես բարձրաձայնվեն ու հանրայնացվեն, հասարակությունում ռացիոնալ մտածելակերպը կրկին կգերակշռի ու կրքերը կհանդարտվեն… Իհարկե այդ հանրայնացում ժամանակի և գաղտնիության հարց է…»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել