Կինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային

Լ․ Հ․-ն ծննդաբերությունից անմիջապես հետո, հոգեճնշող վիճակում՝ փորձել է սպանել իրենից ծնված երեխային:

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ կինը ցանկանալով թաքցնել իր հղիության փաստը՝ փորձել է սպանել երեխային։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2025 թվականի փետրվարի 15 ին, ժամը 03:30-ի սահմաններում, նա փակվել է զուգարանում և այնտեղ առանց բուժօգնության իգական սեռի երեխա լույս աշխարհ բերել։ Ծննդաբերելուց անմիջապես հետո, գտնվելով հոգեճնշող վիճակում, երեխային դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, գցել է զուգարանակոնքը, բերանն է մտցրել կիսարյունոտված և թրջված անձեռոցիկ ու փակել զուգարանակոնքի կափարիչը, որից հետո անտեսելով մայրիկի կողմից նախապես կանչված շտապօգնության բժշկուհի Մ․ Հ․-ի հորդորը՝ զուգարանի դուռը բացելու և իրեն ու նորածնին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, պորտալարն անձամբ կտրելու համար պահանջել է մկրատ՝ հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սակայն վերջինիս պահանջը չի կատարվել:

Դրանից հետո Լ․ Հ․-ն զուգարանի դուռը բացել է։ Բժշկուհին զուգարանակոնքում հայտնաբերելով երեխային՝ անհապաղ ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:

Գործը դատարան է ստացվել հունիսի 27-ին և մակագրվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Մարգարյանին։

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 44-157-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով ննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանությունը):

ՔՕ 44 հոդված․ Հանցափորձը և դրա տեսակները

1. Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով:

2. Եթե հանցափորձի ժամանակ հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված վնասից ավելի փոքր վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, ապա դա կլանվում է անձի դիտավորության մեջ:

3. Եթե հանցափորձն իրականացնելիս հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված օբյեկտին անզգուշությամբ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, կամ անզգուշությամբ կամ անուղղակի դիտավորությամբ վնաս է պատճառվում մեկ այլ օբյեկտի, ապա արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:

4. Հանցափորձը լինում է ավարտված և չավարտված:

5. Հանցափորձը համարվում է ավարտված, եթե անձը կատարում է այն արարքը, որն անհրաժեշտ ու բավարար էր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն ավարտին հասցնելու համար, և գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին է հասել, կամ հանցագործությունն ավարտելու համար արարքը շարունակելու անհրաժեշտություն չկա:

6. Հանցափորձը համարվում է չավարտված, եթե անձը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսած արարքի կատարումը կամ նոր արարք կատարել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել