Ոստիկանը «Ֆոլցվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահասին. Անչափահասը մահացել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Կնյազ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ավտոմեքենան վարելիս թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Կնյազ Բ.-ն 2012թ. հունիսի 26-ին` ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում վարելով «Ֆոլցվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջները, ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն` երթևեկության համար վտանգն առաջացնելու պահից սկսած միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու, կամ լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն տալ 2001թ. ծնված անչափահաս Լևոն Թ.-ին դուրս գալու ավտոմեքենայի ընթացագոտուց, որի արդյունքում վրաերթի է ենթարկել նրան և անզգուշությամբ պատճառել մահ:

Այսինքն Կնյազ Բ.-ն կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդ. 2-րդ մասով:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել