Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ուղերձում նշում է․
«105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և վերանվաճելու հայոց պետականությունը: Այդ ժամանակից ի վեր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելությունը և պարտավորությունը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է: Հատկապես կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքերը համալրեցին նրանք, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել ցեղասպանության զոհերին փրկելու և իրենց երկրներում ապաստան տալու գործում:
Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար:
Այսօր, վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»։
https://www.facebook.com/MFA.Armenia/videos/3422260821134971/