Միքայել Մինասյանը արձագանքել է իրեն առաջադրված մեղադրանքին

«Պարզվում է նույնիսկ արտակարգ դրության, հարյուրավոր հիվանդների տագնապալի ապագայի, տասնյակ մահերի, անկասելի թվացող վիրուսի ու տեսանելի տնտեսական աղետի պայմաններում կարելի է իրագործել վաղեմի երազանքը։ Հենց այդպիսի օր էր Նիկոլ Փաշինյանի համար։ Նա վերջապես իրականացրեց իր երկուսուկես տարվա երազանքը, որի մասին խոսում էր բոլոր առիթներով՝ հարուցել քրեական գործ, որտեղ ես կլինեմ մեղադրյալի կարգավիճակում։ Այս դժվար ու ծանր ժամանակներում այդ մարդը զբաղված է իր ամենասիրելի գործով՝ խառնակչությամբ, մարդկանց վարկաբեկելու փորձով ու հնարած մեղադրանքներ նետելով։ Ես չեմ պատրաստվում անդրադառնալ հարուցված անհեթեթ քրեական գործին։ Դրա մասին կխոսեն փաստաբանները, իսկ դա ամբողջ թափով «կարդարացնեն» իշխանական պրոպագանդիստները։ Իսկ իմ ստվերի դեմ պայքարելուց հետո, հուսով եմ, երկրի վարչապետը վերջապես խորը շունչ կքաշի և կթողնի, որ իրավապահ համակարգը աշխատի և օրինակ զբաղվի կորոնավիրուսի օջախների ու օղակների հայտնաբերմամբ։

Դուք կորցրիք մահաբեր ալիքի կառավարելիության թելը, որովհետև շղթաների հայտնաբերման աշխատանքն ամենապրոֆեսիոնալ կերպով կիրականացնեին մեր երկրի քննիչներն ու դատախազները, իսկ նրանց դուք ուղարկել էիք այս ու այն կողմ՝ գործ թխելու։

Ոչինչ չարձանագրված չի մնալու, ամեն ինչ ու ամեն ոք ֆիքսվում է խնամքով։

Կգա նաև պատասխանների ժամանակը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:

Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է՝ 2017-2018թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ, նույն հաշվետու ժամանակահատվածների համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարգրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:

23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մ.Մինասյանի կողմից հնարավոր կատարած հանրորեն վտանգավոր այլ արարքները բացահայտելու և դրանց մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացման ուղղությամբ տևական ժամանակ դրսևորելով զսպվածություն, ապահովելով նախաքննության գաղտնիքի խիստ սահմանները, հորդորում է զերծ մնալ կատարվող քննչական և դատավարական գործողություններին անհիմն և չփաստարկված գնահատականներ տալուց։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել