Ապտակել է զինվորին, անկանոն ձևով կտրել մազերը…

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործn ըստ մեղադրանքի Միքաել Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, 20.05.2012թ-ին` ժամը 22:00-ի սահմաններում, կենցաղային սենյակում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իր ստորադրյալ` շարքային Հ. Բաղդասարյանի կողմից առանց հարգելի պատճառների արձակուրդից ծառայության վայր ժամանակին չներկայանալու հարցի շուրջ վերջինիցս պարզաբանումներ ստանալու ժամանակ մի քանի անգամ ապտակել է նրան, անկանոն ձևով կտրել մազերը` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի` զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել