Ի՞նչ կապ կա ծառի բողբոջելու և ուռչելու, վարորդի և ՃՈ-ի միջև: Անհավանական հավանականների շարքից

Վահե Ա.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ 23.05.2012 թվականի թիվ 1200079048 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Բանը նրանում է, որ Վահե Ա.-ը 2012թ. մայիսի 6-ին իր անձնական օգտագործման «BMW 525i» ավտոմեքենայով, որը սեփականության իրավունքով պատկանում է իրեն, ժամը 13։00-ից 14։00 ընկած հատվածում երթևեկել է Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցով։ Երթևեկության ընթացքում չի խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ռուբինյանց փողոցում երթևեկել է բնակավայրում թույլատրելի արագությամբ` այսինքն չգերազանցելով բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկության համար սահմանված առավելագույնը 60կմ/ժ արագությունը։ Այդ օրը Երևանում եղանակը արևոտ է եղել և պարզ, ճանապարհածածկը՝ չոր, տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ գերազանց է եղել, Երևան քաղաքի գրեթե բոլոր փողոցներում, այդ թվում նաև վերոնշյալ ժամանակահատվածում Ռուբինյանց փողոցի վրա, որտեղ նաև երթևեկության ինտենսիվությունը` ցածր է եղել, իր ավտոմեքենայի թափքը ծանրաբեռնված չի եղել (ավտոմեքենայի սրահում և բեռնախցիկում չեն եղել ծանր բեռներ, ավտոմեքենայի սրահում եղել են երկու ուղևոր` ներառյալ վարորդը), ավտոմեքենան գտնվել է տեխնիկապես անթերի վիճակում, երթևեկության համար խոչընդոտ հանդիսացող հանագամանքներ կամ երևույթներ չեն եղել վերոնշյալ ժամնակահատվածում։

2012թ.-ի հունիսի 13-ին փոստային առաքման ծառայության միջոցով ստացել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ՃՈ) թիվ 1200079048 որոշումը վարչական տույժ նշանակելու մասին։ Համաձայն որոշման` 06.05.2012թ.-ին ժամը 13։18-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գերազանցել է սահմանված 40 կմ/ժ արագությունը 15 կմ/ժ-ով (այսինքն երթևեկել եմ 55 կմ/ժ արագությամբ), որը արձանագրել էր Ռուբինյանց փողոցի` ավտոմեքենաների արագության գերազանցման խախտումներ արձանագրող տեսախցիկը։ Որոշումից բխում է, որ իբր Ռուբինյանց փողոցի վրա արագությունը սահմանափակված է եղել «Առավելագույն արագության սահմանափակում» 3.24 նշանով, որը, սակայն, ոչ մի կերպ տեսանելի չի եղել։

2012թ.-ի հունիս ամսին Աքիլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Աքիլես) իր պաշտոնական ինտերնետային կայքում (www.achill.am) հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ բոլոր այն վարորդները, ովքեր 20.04.2012թ.-ից մինչև 29.05.2012թ.-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ-ի կողմից տուգանվել են Ռուբինյանց փողոցում արագությունը գերազանցելու համար, դիմեն ՃՈ` որոշումն անվավեր ճանաչելու համար, քանի որ այդ նույն` 20.04.2012թ.-ից մինչև 29.05.2012թ.-ն ընկած, ժամանակահատվածում Ռուբինյանց փողոցում տեղադրված նշանը ծածկված է եղել ծառի սաղարթով` այսինքն տեղադրված է եղել այնպես, որ տեսանելի չէր կարող լինել երթևեկության մասնակիցների (վարորդների) համար, հետևապես վերջիններս չէին կարող իմանալ նշանի գոյության մասին։ Վերոհիշյալ ծառի սաղարթը հատվել է միայն 29.05.2012թ.-ին, որից հետո Ռուբինյանց փողոցի վրայի նշանը դարձել է տեսանելի երթևեկության մասնակիցների (վարորդների) համար։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի 24.07.2012 թվականի թիվ 24-57/73 գրության համաձայն. «Ռուբինյանց-Ահարոնյան փողոցների խաչմերուկից դեպի Սևակի փողոցի ձախ մայթի ուղղությամբ, այդ թվում Ռուբինյանց 9 շենքի դիմաց առկա են «թեղի մրատերև» ծառատեսակը։ Այդ ծառատեսակի վեգետացիան ընթացել է հետևյալ փուլային զարգացման ընթացքով. մարտի 3-րդ տասնօրյակում` բողբոջների ուռչում և բացվում։ Աճման սկիզբը` ապրիլի 1-ին տասնօրյակի 5-10-ը ժամանակահատվածում։ Ակտիվ աճը` ապրիլի 2-րդ տասնօրյակ։ Ծառերի սաղարթի տերևապատում և կանաչ զանգվածի ձևավորում 60-70%-ով (ապրիլի 3-րդ տասնօրյակ)։ Սաղարթի լիարժեք տերևապատում և կանաչ զանգվածի ձևավորում (մայիսի 1-ին տասնօրյակ)։»։

Համաձայն ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետի` նշանները տեղակայվում են այնպեu, որպեuզի դրանք չխանգարեն երթևեկող տրանuպորտային միջոցներին, ճամփեզրերին կամ մայթերին տևակայված նշանները` հետիոտների երթևեկությանը, տեuանելի լինեն երթևեկության մաuնակիցների համար (oրվա լուuավոր և մութ ժամերին), չփակվեն որևէ խոչընդոտով (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուuավորության uյուներ և այլն), և վարորդները դրանք նկատեն հեշտությամբ ու ժամանակին։

Ռուբինյանց փողոցի տվյալ հատվածի լուսանկարի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի 24.07.2012 թվականի թիվ 24-57/73 գրության հետազոտման արդյունքում դատարանը գտնում է, որ հիմնավոր է հայցվորի փաստարկն առ այն, որ Ռուբինյանց փողոցի վրա արագությունը սահմանափակած է «Առավելագույն արագության սահմանափակում» 3.24 նշանը իրականում տեսանելի չի եղել հայցվորին, որի պարագայում խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետի վերը նշված պահանջը։

Դատարանը Վահե Ա.-ի հայցը բավարարել է. անվավեր է ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 23.05.2012 թվականի թիվ 1200079048 որոշումը։

Սակայն ՀՀ ոստիկանության ՃՈ-ն համաձայն չէ դատարանի վճռի հետ և այն վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել