Սենյակն իրենցն է. բա սենյակի պատշգամբն ու՞մն է

Ռաիսա Բոլլոևան և Էրիկ Սիրունյանը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի տարածքային ստորաբաժանման և երրորդ անձ Թամարա Խաչատրյանի` իրենց սեփականության իրավունքը 11,9 քմ մակերեսով սենյակի դիմաց գտնվող պատշգամբի նկատմամբգրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Հայցվորները հանդիսանում են Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 47 տան սեփականատերերը։ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 47/2 տան 53,6 քմ հողամասը հանդիսանում է նրանց և նույն հասցեի առաջին հարկի սեփականատեր Թամարա Խաչատրյանի սեփականությունը։ Այդ իսկ պատճառով ինչպես հայցվորները, այնպես էլ Թամարա Խաչատրյանը 2008 թվականին դիմել են Երևանի քաղաքապետին` նրանց կողմից ինքնակամ կառուցված շինությունները և դրանցով ծանրաբեռնված հողամասն օրինականացնելու համար։

04.11.2008 թվականի թիվ 5111-Ա որոշման 1 կետի համաձայն` վերականգնվել է Երևան քաղաքի Տիգրանյան փողոցի թիվ 47/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Թամարա Խաչատրյանի, Ռաիսա Բոլլոևայի, էրիկ Սիրունյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 53,6քմ մակերեսով հողամասին կից 66,56 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 66,56 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

Հետագայում ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա գրանցվել է Թամարա Խաչատրյանի սեփականության իրավունքը, իսկ հայցվորներին տրվել է սեփականության վկայական, որով իբրև թե գրացվել է հայցվորների սեփականության իրավունքը Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա։ Հետագայում պարզել են, որ Հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող 11,9քմ սենյակի դիմաց գտնվող պատշգամբը չի գրանցվել նրանց անվամբ։ Նշված պատշգամբի մակերեսը ներառված է Երևանի քաղաքապետի որոշմամբ հատկացված 66,56քմ մակերեսում։ Դիմել են ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Զեյթուն տարածքային ստորաբաժանում, որպեսզի կատարվի իրավունքի պետական գրանցում և հայցվորների սեփականության վկայականում նշվի 11,9 քմ սենյակի դիմաց գտնվող բաց պատշգամբը, սակայն ստացել են մերժում այն պատճառաբանությամբ, որ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականում անճշտություն առկա չէ։

Դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման: Սեփականության իրավունքի գրանցման վկայականի` շենքի հատակագիծը մասում բնակելի տան երկրորդ հարկի 11,9 քմ մակերեսով թիվ 5 սենյակի դիմաց բացակայում է հարթակի առկայության վերաբերյալ որևէ նշում։ Դատարանը վճռել է՝ պարտավորեցնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտերի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանմանը գրանցելու` Երևան քաղաքի Տիգրանյան 47/2 հասցեում գտնվող բնակելի տան երկրորդ հարկի 11,9 քմ մակերեսով սենյակի դիմաց գտնվող հարթակի նկատմամբ Ռաիսա Բոլլոևայի և Էրիկ Սիրունյանի սեփականության իրավունքը` համաձայն կադաստրային գործում առկա 17.11.2002 թվականին կազմված ուրվագծի։

Ներկայումս սույն գործի քննությունը երրորդ անձի բողոքի հիման վրա շարունակում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել