Որո՞նք են օդանավով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված առարկաները

Օդանավերի թռիչքների համար վտանգ ներկայացնող առարկաների և նյութերի օդային տրանսպորտով փոխադրման արգելումը նպատակ ունի ապահովելու օդանավակայաններից թռիչքներ իրականացնող օդանավերի թռիչքների անվտանգությունը, պահպանելու ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքն ու առողջությունը, կանխելու քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության ակտերը:
Ուղևորներին և անձնակազմի անդամներին արգելվում է ձեռքի իրերում և ուղեբեռում ունենալ օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաներ, նյութեր և միացություններ կամ դրանցով հանդերձված առարկաներ:

Քաղաքացիական օդանավերով փոխադրման համար հաշվառված ուղևորների ընդհանուր հոսքում արգելվում է օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների, նյութերի, միացությունների և սարքավորումների, ինչպես նաև դրանցով հանդերձված առարկաների ու իրերի ձևակերպումը:

Օդային տրանսպորտով օդանավակայաններից ուղևորների ձեռքի իրերում` բացառությամբ որոշ սահմանված դեպքերի, արգելվում է փոխադրել առարկաները, նյութերը, միացություններն ու սարքավորումները`հրազեն և մարտական սարքավորումներ, սառը զենք, ծակող (կտրող) և սրածայր առարկաներ, բութ ծայրով առարկաներ, պայթուցիկ և բոցավառվող նյութեր, քիմիական և թունավոր նյութեր, անշարժացնող և անունակ դարձնող քիմիական նյութեր, գազեր, աերոզոլներ, արցունքաբեր գազ, պղպեղի աերոզոլներ` թթուներ և ալկալիներ, քայքայվող կամ սպիտակեցնող նյութեր, էլեկտրաշոկային սարքեր, արդյունաբերական և կենցաղային օգտագործման սեղմած գազեր, դյուրավառ հեղուկներ, բոցավառվող կարծր նյութեր, թունավոր և ուժեղ ներգործող նյութեր ցանկացած ֆիզիկական վիճակում, այրիչ և կոռոզիոն նյութեր, բոլոր տեսակների ռադիոակտիվ նյութեր, հեղուկներ, գելեր և աերոզոլներ:

Զննման ընթացքում ուղևորների մոտ հայտնաբերված մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկներ, գելեր և աերոզոլներ պարունակող տարաները զննման կետում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից դրվում են հատուկ այդ նպատակով նախատեսված և ամբողջությամբ փակվող մեկ լիտր ծավալով 20,5 x 20,5 սմ կամ 25 x 15 սմ չափսերով պլաստիկ պարկի մեջ, պարկի վրա փակցվում է «զննված է» պիտակ, որից հետո ուղևորին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանի ստերիլ գոտի: Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է փոխադրել միայն մեկ այդպիսի պլաստիկ պարկ:

Ուղևորների մոտ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերի հայտնաբերման դեպքում դրանք վերադարձվում են ուղևորների հարազատներին կամ ճանապարհողներին, իսկ նրանց բացակայության դեպքում դրանք վերցվում են ուղևորից և համապատասխան արձանագրությամբ ոչնչացվում են:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել