Կսահմանվեն արագացված դատաքննություն կիրառելու դեպքերը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ արագացված դատաքննություն կկիրառվի այն դեպքերում, երբ հայց է ներկայացվել` օտարերկրացուն ՀՀ-ից արտաքսելու, ինչպես նաև ձերբակալված օտարերկրացուն մինչև 90 օր ժամկետով հատուկ կացարանում պահելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Արտաքսման նպատակով ձերբակալված օտարերկրացուն մինչև 90 օր հատուկ կացարանում պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար ոստիկանության բնագավառում լիազոր մարմինը միջնորդություն կներկայացնի դատարան, դրանում շարադրելով այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է օտարերկրացուն հատուկ կացարանում պահելու անհրաժեշտությունը, կցելով հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:

Օտարերկացուն պահելու միջնորդությունը ենթակա կլինի անհապաղ քննարկման դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, օտարերկրացու, նրա օրինական ներկայացուցչի և պաշտպանի մասնակցությամբ, եթե վերջինս մասնակցում է գործին: Արտաքսվող օտարերկրացու կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտի միջնորդության քննությանը:

Դատարանը դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով կծանուցի  միջնորդություն ներկայացրած անձին, օտարերկրացուն, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:

Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք կունենա պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:

Ձերբակալված օտարերկրացուն հատուկ կացարանում պահելու թույլտվություն տալու որոշում կայացնելիս հաշվի կառնվեն օտարերկրացու անձը, տարիքը և առողջական վիճակը, սեռը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, բնակության մշտական վայրի առկայությունը և այլ հանգամանքներ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել