Սպառնալով, որ կցուցադրի մերկ լուսանկարները` ստացել է խոշոր չափերի գումար

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանի Հրաչյա Գ.-ի (նախկինում հինգ անգամ դատված):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Գարիկ Հ.-ի հետ, պատանդ վերցնելու և պահելու նպատակով, որպես զենք օգտագործվող դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկել և իր բնակության վայր են տեղափոխել Նաիրա Հ.-ին և նրա անչափահաս որդուն` Սուրեն Զ.-ին:
Պատանդներին ազատելու պայմանով Նաիրա Հ.-ի հորից` Սուրեն Հ.-ից, հարկադրաբար պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:
Բացի այդ, Հրաչյա Գ.-ն, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս Սուրեն Հ.-ից շորթման եղանակով, այն է` սպառնալով, որ կնվաստացնի վերջինիս դստերը`Նաիրա Հ.-ին` նրա մերկ նկարների ցուցադրմամբ, ինչպես նաև կվնասի Նաիրային և նրա երեխաներին, պահանջել և ստացել է խոշոր չափերի գումար:
Քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել դանակը, 30 հատ 20 000-ի թղթադրամը, ձեռքերի քսուկները, դույլի կափարիչը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել