ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրները հասարակության համար ավելի բաց կդառնան․ ՊԵԿ նախագահ

Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու հանգամանքով։

Նախագծով կատարվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները):

Այն կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել հանրային միջոցները, հաշվետվություն հրապարակելու պարտավորություն չունեն և արդյունքում բացակայում է հանրային հաշվետվողականությունը: Առկա է նաև տարընթերցում, արդյո՞ք հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ միայն ստացված հանրային միջոցների հաշվին իրականացված ծրագրերի, թե կազմակերպության ողջ գործունեության վերաբերյալ:

Օրենքի 24-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը հաշվետվությունում ներկայացնում է անդամների և կամավորների թիվը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում ներկայացվում է առնվազն մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկատվություն և կորցնում է արդիականությունը: Նախագծով նախատեսվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:

Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ): Նախագծով նախատեսվում է սահմանել կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը և կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կառավարությանը ենթակա մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե: Առաջարկվող փոփոխությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում նշված լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված անվանմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել