Լիցենզավորված ընկերությունների գործադիր պաշտոն զբաղեցնող անձինք կներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր. նախագիծ

Ազգային Ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանը առաջարկում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ հանրային ծառայությունների ոլորտի լիցենզավորված ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  կներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր:

Հայտարարատու անձինք կներկայացնեն պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։

Հայտարարատու անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը կներկայացվեն պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ՝ դրան հաջորդող 30 օրվա ընթացքում: Տարեկան հայտարարագիրը կներկայացվի յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:

Հայտարարագրի ձևը (էլեկտրոնային ձևը) և ներկայացման կարգը կսահմանի հանձնաժողովը:

Հանրային ծառայությունների ոլորտի ընկերության անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը տվյալ ընկերության հայտատու անձին բարձրագույն գործադիր պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում կծանուցի հանձնաժողովին՝ տրամադրելով համապատասխան ակտի պատճենը: Ծանուցման ձևը և կարգը սահմանում է հանձնաժողովը:

Հայտարարագրում կնշվեն՝

1) հայտարարատու անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին զբաղեցրած պաշտոնը, պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարին, ընկերության անվանումը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը.

2) հայտարարատու անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, նշելով գույքի տեսակը, գտնվելու վայրը, գույքի նկատմամբ իրավունքը, մակերեսը.

3) հայտարարատու անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը, նշելով գույքի տեսակը, մակնիշը, գույքի նկատմամբ իրավունքը, թողարկման տարեթիվը.

4) սույն մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գույքի տեսակներում չնշված՝ տասը միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույքը.

5) եկամուտները, նշելով եկամտի տեսակը, աղբյուրը, չափը արժույթի տեսակը.

6) հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները, նշելով արժույթի տեսակը և չափը.

7) արժեթղթերը և այլ ներդրումներ, նշելով ընկերության անվանումը, ներդրման տեսակը, արժեքը կամ չափը:

Հանձնաժողովը՝ հայտարարագիրն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կհրապարակի հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Հայտարարատու անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում հայտարարագիրը եռօրյա ժամկետում կհանվի պաշտոնական կայքից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը լրացնել առանձին գլուխով, որով մանրամասն նկարագրված է հայտարարագրման կարգը, բովանդակությունը, ներկայացման և հրապարակման ժամկետները, ինչպես նաեւ նշյալ հայտարարագիրը ընդունող և հրապարակող մարմնի պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել