Ինչպե՞ս վաճառել ուրիշի բնակարանը. Խարդախության մեջ մեղադրվող Նաիրայի «մաստեր – կլասը»

Երևան քաղաքի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Նաիրա Խ.-ի:

 

Նաիրա Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թիրջուն Մ.Մովսեսին պատկանող` Նորքի 4 զանգ. Բակունցի փող. 11/11 հասցեի տունը վաճառելու հարցում նրա լիազորված անձ` Լենա Կարապետյանին օգնելու պատրվակով, չարաշահելով վերջինիս վստահությունը, վերցրել է հիշյալ տան սեփականության իրավունքի վկայականը, համապատասխան լիազորագրի պատճեն, տան բանալիները և այլ փաստաթղթեր, այնուհետև գործով չպարզված եղանակով կեղծել Թ.Մովսեսի կողմից Հերեթոն Բողոս Հերեթոնին 04.08.2010թ. տրված տան վաճառքի վերաբերյալ լիազորագիրը և ՀՀ ԿԱԱԳԿ ՊԿ Նոր Նորք ՏՍ կողմից օրինական կարգով ստացված թիվ 0175286 համարի միասնական տեղկանքը` համապատասխանեցնելով իր անձնական տվյալներին, Շենգավիթ նոտարական գրասենյակում վաճառել Ռոլանդ Մհերյանին ստանալով 18.750.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար և խաբեությամբ տիրացել դրան:

 

Համաձայն ՀՀ քրեական օրեսնգրքի 178-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետի՝ խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

  

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել