ՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմի հայտարարությունը ՍԴ-ի որոշման վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։ Սակայն ՍԴ-ն այսօր որոշել է մերժել գործի քննությունը։

Այս հարցը վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, այլ ոչ թե դասական իմաստով քրեադատավարական օրենսդրությանը։ Թիմը գտնում է, որ այս խնդիրը համընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է գտնում բարձրացնել սրա վերաբերյալ հարցը։

Խնդրին ավելի մանրամասն կանդրադառնանք ՍԴ աշխատակարգային որոշման սահմանված ժամկետներում հրապարակելուց և դրան ծանոթանալուց հետո»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել