Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերն ընդունվեցին

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կողմ քվեարկեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերին:

Նախատեսվում է էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնում, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արդիականացում, Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման e-register համակարգի արդիականացում, թվային արխիվների ստեղծում, Նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման (փոխանցման) պայմանների ապահովում, Էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովում Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնում:

Ծրագրով նախատեսվում է նաև անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ղեկավար սկզբունքը լինելու է համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքներին:

Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության գործիքակազմը իրագործվելու է հետևյալ շրջանակում՝

  • հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,
  • դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը,
  • հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,
  • ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը,
  • ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ի թիվս այլնի, պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը, Սահմանադրությամբ նախատեսված Կառավարությանը, Վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը, դերը և լիազորությունները և այլն:

Ռազմավարությունում նշված է, որ որպես իրապես ազատ և արդար գնահատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնք վերոնշյալ ընտրությամբ ամրագրված ձեռքբերումները, այն է ՝ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը կդնեն օրենսդրական հենքի վրա: Եվ դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն:

Նախատեսվում է՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի համապատասխանեցում կոռուպցիայի հաղթահարման նպատակին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:

Նախատեսվում է՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովում, հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, դատավորների կարողությունների շարունակական զարգացում, դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական աջակցության տրամադրում:

Նախատեսվում է նաև քրեական ենթամշակույթի վերացում, այլընտրանքային պատիժների համակարգի ներդնում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնում, այլընտրանքային խափանման միջոցների ներդնում, պարզեցված նախաքննության ներդնում, համաձայնեցման և համագործակցության վարույթներ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման հետ կապված փոփոխություն, անչափահասների մասնակցությամբ վարույթների կատարելագործում, քրեական գործերով իրավական փոխօգնության արդյունավետ կարգավորման նախատեսում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել