25-ից 30 անգամ տուգանքի չափը կավելանա. նոր փոփոխություններ ՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ:

Նախագծով առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝

  • 179-րդ հոդվածի 3-րդ մասում (հանցավորին վստահված ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը) որպես լրացուցիչ պատիժ՝ նախատեսել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը,
  • 239-րդ հոդվածի 1-ին հոդվածի (Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը) դիսպոզիցիայում լրացում կատարել՝ որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման ձև նախատեսելով նաև մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո առանց թույլտվության շենք, շինության կառուցումը, ինչպես նաև խստացնել հիշյալ արարքի համար նախատեսված սանկցիան՝ սահմանելով տուգանք՝ 2,5-3 միլիոն դրամի չափով: Նշենք, որ գործով իրավակարգավորմամբ տուգանքը կազմում է 100-200 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածում՝ հստակեցնելով զանցանքի դրսևորման ձևերը՝ մասնավորապես վարչական պատասխանատվություն նախատեսելով նաև անօրինական կառույցները չքանդելու համար:

Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից առանց թույլտվության, նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը և (կամ) անօրինական կառույցները չքանդելը, բացառությամբ գյուղական համայնքներում վերոնշյալ արարքների կատարման`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է  վարչական պատասխանատվություն  նախատեսել  նույն արարքի համար, որը կատարվել է գյուղական համայնքներում, իսկ 3-րդ մասով՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, ինչպես  նաև դրա հետևանանքրեը չվերացնելու համար, ինչը բովանդակային առումով համընկնում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և դրա հետևանանքերը չվերացնելու հետ:

Հեղինակները նշում են, որ նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 239-րդ և 315.1-ին հոդվածների, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի կարգավորումները՝ այդպիսով ապահովելով  իրավական որոշակիությունը, բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ու հակասական իրավակիրառ պրակտիկան, նպաստելով հիշյալ հանցագործություններով պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել