Ռ. Քոչարյանի գործով դատավորը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել՝ ինքնաբացարկ հայտնելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը 2019 թվականի հունվարի 23-ի հաղորդում է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողով` դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Հաղորդման մեջ նշվել է, որ Ռեբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման վերաբերյալ գործով ինքնաբացարկ հայտնելով՝ դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի խախտում:

Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով ներկայացված հաղորդմամբ, մասնավորապես, նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդություն, որը մակագրվել է Նելլի Բաղդասարյանին: Վերջինս 2019 թվականի հունվարի 10-ին կայացրել է ինքնաբացարկի որոշում:

Հանձնաժողովը հանգել է այն հետևությանը, որ դատավորի կողմից մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը, որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում գործով մասնակցող դատախազներ Կ. Բիշարյանի և Վ. Դոլմազյանի, ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի կողմից ներկայացված միջնորդությունների բավարարումն անհիմն է, չի բխում դատարան ներկայացված քրեական գործի նյութերի փաստական տվյալներից:

Մասնավորապես՝ նշված քրեական գործի շրջանակներում Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Նախագահը, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Իսկ մյուս դեպքում Վ. Հարությունյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքի համար, որ նա, 2008 թվականի մարտի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 17-ը հանդիսանալով սույն քրեական գործով քննչական խմբի ղեկավարը, ՀՀ զինված ուժերի մասնակցության և վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով կազմակերպել է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները քննչական խմբի առանձին քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից կեղծելու գործողությունները, որոնք փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Հանձնաժողովը փաստել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Վ. Հարությունյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և այդ երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, նրանց մեղսագրվող արարքներն առերևույթ իրարից տարբերվում են և չեն լրացնում մեկը մյուսին:

Հանձնաժողովն անհիմն է համարել մեղադրանքի կողմի պնդումն առ այն, որ Նելլի Բաղդասարյանի և նրա ամուսնու մտերմությունը Վ. Հարությունյանի հետ ինչ-որ ձևով կարող էր անդրադառնալ նաև Ռ. Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննության արդյունքում կայացվող որոշման հիմնավորվածությանն ու պատճառաբանվածությանը՝ անկողմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցելով դատավորի անաչառության մեջ:

Հանձնաժողովն արձանագրել է, որ Նելլի Բաղդասարյանի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնի վերոհիշյալ խախտումը կրում է կոպիտ բնույթ, սակայն միաժամանակ գտել է, որ դատավորի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտումը էական չէ:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Կարգապահական հարցերի հանձնաժողով և Բարձրագույն դատական խորհուրդ:

Կարգապահական հարցերի հանձնաժողով ներկայացված գրավոր բացատրության մեջ դատավորը հայտնել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 23-ից 31-ը ներառյալ դատարանի նախագահի կողմից հաստատված դատավորների հերթապահության ժամանակացույցի համաձայն՝ Դատարանի Շենգավիթ նստավայրում երկու դատավորով իրականացրել են հերթապահություն:

Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը, որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական գործը Շենգավիթ նստավայր է ստացվել 2018 թ-ի դեկտեմբերի 27-ին և նույն օրը հանձնվել է իրեն: Միջնորդության քննարկումը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին:

Միջնորդության քննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանը հայտարարել է, որ դատավորին պատրաստվում է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ նա ինքնաբացարկ է հայտնել նույն գործի շրջանակներում մեկ այլ մեղադրյալի՝ Վ. Հարությունյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ և, քանի որ դատավորը և նրա ամուսինը մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվում նույն գործով մեղադրյալ Վ. Հարությունյանի հետ, իսկ վերջինիս 2018 թվականի դեկտեմբերի 13-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հայտնել է, որ դա «շինծու, կեղծ, ապօրինի» մեղադրանք է, ինչը կասկածի տակ է դնում նախագահող դատավորի անաչառությունը, քանի որ «ամեն մարդ ինքն է որոշում, թե իր մտերիմի համար ինչի է պատրաստ», խնդրել է տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ինքնաբացարկի միջնորդությունը պատշաճ պատրաստելու և ներկայացնելու համար: Քննիչի միջնորդությանն են միացել նաև Գլխավոր դատախազության դատախազներ Կ. Բիշարյանը և Վ. Դոլմազյանը:

2019 թվականի հունվարի 9-ին դատավորին միջնորդություն է ներկայացվել ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ, ինչի դեմ առարկություն է ներկայացրել Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հ. Ալումյանը՝ հայտնելով, որ միջնորդություններն ակնհայտ անհիմն են, նպատակ են հետապնդում հոգեբանական ճնշում գործադրել դատարանի վրա՝ շահարկելով «մտերիմ» բառը:

Հ. Ալումյանը նշել է նաև այն, որ մարդու իրավունքը վկայակոչելով՝ ինքնաբացարկի միջնորդություն հայտնելն անթույլատրելի մոտեցում է: Առկա է Ռ. Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության հրատապություն, քանի որ դատական նիստն արդեն իսկ հետաձգվել է 12 օր ժամկետով:

Դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանն առարկել են նաև Ռ. Քոչարյանի մյուս պաշտպաններ Հ. Խուդոյանը, Ռ. Սահակյանը և Ա. Օրբելյանը՝ նշելով, որ առկա չեն նախագահող դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը, տրամաբանական կապ չկա Ռ. Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու և Վ. Հարությունյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունների միջև:

Դատավորն իր ինքնաբացարկի որոշումը պատճառաբանել է նրանով, որ Վ. Հարությունյանի հետ ինքը և իր ամուսինը՝ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Ա. Բարսեղյանը, երկար տարիներ գտնվում են ընկերական և մտերիմ հարաբերությունների մեջ, բացի այդ, ամուսինը, շուրջ քսան տարի ծանոթ լինելով Վ. Հարությունյանի հետ դատախազության համակարգում համատեղ աշխատանքից, վերջին հինգ տարիների ընթացքում գտնվել են գրեթե ամենօրյա շփման մեջ:

Դատավորը միաժամանակ նշել է, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելն ու գրավի միջնորդությունն այլ դատավորի վարույթ փոխանցելը չէր կարող հանգեցնել և չի հանգեցրել որևէ բացասական հետևանքի, ինչի կապակցությամբ դատարանն ինքնաբացարկի միջնորդությունները բավարարել է:

Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված գրավոր և բանավոր բացատրության մեջ, Դատավորը վերահաստատել է հանձնաժողովին ներկայացրած իր փաստարկները և, ի լրումն վերջիններիս՝ նշել, որ հանձնաժողովի այն դիտարկումը, որ ինքնաբացարկի միջնորդությունների բավարարումն անհիմն է և չի բխում դատարանին ներկայացված քրեական գործի նյութերի փաստական տվյալներից՝ օբյեկտիվ համարվել չի կարող:

Դատավորը նշել է, որ ինքնաբացարկի որոշումը կայացնելիս առաջնորդվել է միայն օրենքով՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումներին համահունչ:

Քննարկելով Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը Բարձրագույն դատական խորհուրդը գտնել է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ թեև Վ. Հարությունյանը և Ռ. Քոչարյանը ներգրավված են որպես մեղադրյալներ նույն քրեական գործի շրջանակներում, սակայն վերջիններիս մեղսագրվող արարքները չեն լրացնում միմյանց և տարբերվում են, ավելին՝ միջնորդությունը քննարկելիս, դատավորը պետք է հաշվի առներ այնպիսի գործոններ, որոնք միևնույն գործով անցնող մեղադրյալների պարագայում խիստ անհատական բնույթ ունեն: Անգամ միևնույն մեղադրանքի պարագայում, իսկ այս դեպքում մեղադրանքը չի համընկնում, մեղադրյալների նկատմամբ կարող են կիրառվել տարբեր խափանման միջոցներ, քանի որ խափանման միջոցի ընտրության չափանիշները խիստ անհատական են:

Խորհուրդն անհիմն է համարել Նելլի ԲԱղդասարյանի այն փաստարկը, որ Վ. Հարությունյանի հետ ինքը և իր ամուսինը՝ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Ա. Բարսեղյանը, երկար տարիներ գտնվում են ընկերական և մտերիմ հարաբերությունների մեջ:

ԲԴԽ-ն նշել է, որ դատավորի կողմից անտեսվել է նաև այն կարևոր հանգամանքը, որ իր բոլոր պատճառաբանություններն ընդհանրապես վերաբերում են բուն դատաքննության փուլում ինքնաբացարկի հիմքերին, մինչդեռ ՄԻԵԴ-ի նախադեպային դատական ակտերով ամրագրվել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննելիս, «որոշ ընթացակարգային երաշխիքներ կարող են և չկիրառվել» (տե՛ս Վերա Ֆերնանդես-Ուիդոբրոն ընդդեմ Իսպանիայի գործով 06.01.2010 թ. թիվ 74181/01 վճիռը, կետ 108-114):

Այլ կերպ ասած, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության փուլում ինքնաբացարկի հիմքերը գնահատելիս դատավորը պետք է ելակետ ընդունի այն, որ դրանք չեն կարող ունենալ այն լայն շրջանակները, որոնք բնորոշ են բուն դատաքննության փուլին, նա պետք է փորձի այդ փուլում առավել անկախ, անկաշկանդ լինել:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ դատավորի կողմից թույլ տրված վարքագծի խախտումը կոպիտ է, քանի որ այն, հանդիսանալով, հատկապես, հանրային մեծ հնչեղություն ունեցող գործի քննությունն իրականացնելուց ոչ իրավաչափ հիմքերով խուսափում, առավել ընդգծելի է դարձնում անաչառ ու անկախ լինելու դատավորի ունակության խոցելիությունը, ինչի արդյունքում հեղինակազրկվում է դատական իշխանությունը:

Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը  ԲԴԽ-ն բավարարել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին հայտարարել նկատողություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել