2004թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակին. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004թ., տեղեկանալով, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին  իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ այլ աշակերտ դպրոցում դասամիջոցի ժամանակ վիճաբանել են և դրա վերաբերյալ դասերից հետո պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերը նշված աշակերտների և նրանց ընկերների հետ գնացել է Ֆ.Նանսենի անվան այգի: Նշված այգում վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 2004թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակի աջակողմյան հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դանակը գցելով դեպքի վայրից քիչ հեռու՝ փախել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 15-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել