Տիգրան Մոսինյան

Բարեւ ձեզ
Շնորհակալություն այն լավ վերաբերմունքի համար, որ միշտ դրսեւորել եք իմ հանդեպ, ձեր գրասենյակ այցելություններիս ժամանակ:
Ցանկանում եմ պարզապես ձեզ տեղյակ պահել մի շատ վատ երեույթի մասին, որի պատճառով ես հեռացա Հայաստանից: Կից ֆայլում կգտնեք դրա պատմությունը, որին ինչ-որ չափով արդեն ծանոթ եք: Հայաստանում ցավոք չկա օրենք: Բայց դա արգելք չէ ՊԵԿ-ի համար, որ առանց մատնանշելու, թե հաշվապահական որ փաստաթղթում ինչ կեղծիք է թույլ տրվել մեղադրանք առաջադրի քրեականի 205 հոդվածով: Գրածս հանգիստ կարող եք լուսաբանել:
Ձեզ լավ տարի…եւ ամենայն բարիք
Հարգանքներով`
Տիգրան Մոսինյան

 

Իրավաբան.net-ն իր ընթերցողից ստացած նամակը ներկայացրացնում է ստորև`

 

 

ՀՀ Կառավարությանը, ՀՀ դատախազությանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ բոլոր վարչություններին, Էրեբունու հարկային տարածքային տեսչությանը, ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ հանրային խորհրդին, ՀՀ սփյուռքի նախարարությանը «Օսկի» ՍՊԸ-ից, Երեւան, Կոմիտասի 50-33

 

 

«Օսկի» ՍՊԸ-ն ստեղծվեց 2011թ.` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում զբաղվելու ոսկերչական տարբեր իրերի վաճառքով: Նախապես ուսումնասիրելով հայաստանյան շուկան` ՍՊԸ-ն արձանագրեց հետեւյալ առանձնահատկությունը, որ Հայաստանի շուկաներում ոսկերչական իրերի գները շատ մոտ են ոսկու մետաղական արժեքին (խանութներում վիճակը այլ է, այնտեղ վաճառվում է բոլորովին այլ ապրանք եւ այն թանկ է): Օրինակ, եթե 585 հարգի մետաղական ոսկու 1գրամի գինը 30 դոլար է, ապա անգամ 31 դոլարով հնարավոր է նույնիսկ ներկրված (99,9%-ը` Թուրքիայից) զարդ գնել Հայաստանում: Նույնիսկ եթե զարդը վաճառվի 40 դոլարով (իսկ մետաղական ոսկու 30 դոլար գնի դեպքում 40 դոլարը զարդի համար Հայաստանում շատ բարձր գին է), ապա միեւնույն է այս հանգամանքը հուշում է պարզ մի բան. ոսկերչական այդ իրերի համար ոչ մեկի կողմից չի վճարվում ո՛չ մաքսատուրք, եւ ո՛չ էլ ավելացված արժեքի հարկ: Թող ամեն մեկը ինքն իր համար հետեւություն անի, թե արդյո՞ք օրինական ճանապարհով է հասնում վաճառասեղանին թուրքական ապրանքը, եւ այդ դեպքում ի՞նչ չափի, ի՞նչ հարկեր, տուրքեր, որտե՞ղ եւ ե՞րբ են վճարվում: Համենայն դեպս չեմ կարծում, թե ՊԵԿ-ի որեւէ աշխատող կարողանա պատասխանել այս հարցերին: Իսկ եթե վճարվում են բոլոր կարգի հարկերն ու մաքսատուրքը, ապա ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ ոսկերչական զարդերը միշտ ինքնարժեքից ցածր են վաճառվում: Հաշվի առնելով այս իրողությունը`

 

«Օսկի» ՍՊԸ-ն իր առջեւ նպատակ դրեց.

 

1. Իտալիայից ՀՀ ներմուծել նույն ապրանքատեսականուց` ձգտելով նվազագույնի հասցնել թուրքական ապրանքի հաշվեկշիռը,

 

2. մաքսազերծել ներմուծածը,

 

3. աշխատել հարկային դաշտում,

 

4. օրինակ լինել բոլորի համար, որ հայաստանյան շուկաներում վաճառվող ներմուծվող ողջ ապրանքատեսականին մտնի հարկային դաշտ:

 

Շատ համարձակ նախաձեռնություն, որն իրագործելու համար անհրաժեշտ էր լինելու

 

1. կարողանալ մրցակցել շուկայում երբեք ոչ մի ձեւով չերեւացող, եւ հետեւաբար, անծանոթ ներմուծողների հետ,

 

2. վաճառքը կազմակերպել այնպես, որ ոչ մեկի հետ չստեղծվեն թշնամական հարաբերություններ:

 

«Օսկի» ՍՊԸ-ն այս ամենին հասնելու համար իր գործունեությունը պարտադրորեն պիտի կազմակերպեր այնպես, որ չլիներ ավելացված արժեքի հարկ վճարող, ինչպես նաեւ վճարվելիք մաքսատուրքը լիներ առավելագույնս քիչ: Հակառակ դեպքում իր առջեւ դրված եւ ոչ մի նպատակ հնարավոր չէր լինի իրագործել:

 

1. Որպես մաքսային ռեժիմ որոշվեց ընտրել «ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմը, որը թույլ է տալիս մաքսազերծել կատարված աշխատանքի արժեքը, եւ ոչ թե ապրանքի արժեքը, մանավանդ, որ արտասահմանյան տարբեր երկրների հետ նմանօրինակ աշխատանքի մեծ փորձ կար:

 

2. Չլինելու համար ավելացված արժեքի հարկ վճարող` որոշվեց գործել Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 27-րդ կետի շրջանակներում, որը ավելացված արժեքի հարկից ազատում է ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատներ վաճառող տնտեսվարողներին:

 

Կրկնեմ. գոյություն ունեցող շուկայական իրականությունում «ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմով եւ ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 27-րդ կետի շրջանակներում գործունեություն ծավալելը եղան ծայրաստիճան սկզբունքային, հիմնարար, եւ ոչ մի հանգամանք, ոչ մի գայթակղություն, ոչ մի անձ չէր կարող ՍՊԸ-ին շեղել իր այդ ուղղությունից եւ ոչ մի պարագայում, որքան էլ որ այս փաստը լսելը, առավել եւս ընդունելը, որեւէ մեկին ցանկալի կամ հաճելի չլինի:

 

«Օսկի» ՍՊԸ-ի կողմից վերաներմուծում մաքսային ռեժիմով ներկրված ապրանքների մաքսազերծումը կատարվել է մաքսային մարմինների` ներառյալ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների լիակատար զննության պայմաններում, միշտ ընտրված է եղել Կարմիր ուղի եւ ՍՊԸ-ն վճարել է բոլոր այն տուրքերն ու հարկերը, որոնք ներկայացվել են ընկերությանը: Բոլորի համար պարզ, տեսանելի է եղել այն, որ ընկերության կողմից վերաներմուծում մաքսային ռեժիմով ներկրված ապրանքները եղել են ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատներ, ինչպես որ նշված է եղել ընկերության եւ իտալական կողմի միջեւ կնքված պայմանագրում, ինչպես նաեւ մաքսային բոլոր հայտարարագրերում: Հետեւաբար, հիմք ընդունելով սա եւ ղեկավարվելով վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, «Օսկի» ՍՊԸ-ն հայտարարում է, որ վաճառել է ոսկերչական նշանակության հենց այն կիսաֆաբրիկատները, որոնք նշված են մաքսային հայտարարագրերում:

 

Իր կողմից հայտարարագրված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների վաճառքի համար որպես վայր «Օսկի» ՍՊԸ-ն ընտրել է «Մետաքս գոլդ» ոսկերչական շուկան: Ունե՞ր արդյոք ՍՊԸ-ն իրավունք ընտրելու այդ շուկան: Իհարկե, ուներ: Եւ եթե պետական որեւէ կառույց այդ շուկան շուկա չի ընկալում, այլ ընկալում է ինչ-որ մութ գործեր անելու վայր, ապա ինչպե՞ս է այդ կառույցը հանդուրժում նման շուկայի գոյությունը: Եւ ընդհանրապես, ինչո՞ւ պետք է ընկերությունը արդարացում գտնի այնպիսի մի գործողության համար, ինչպիսին է շուկայի ընտրությունը: Այդպես հարմար գտավ, այդպես արեց: Նաեւ հարմար էր այն պատճառով, որ միանգամից աչքի չընկնի իր համարձակ քայլերով, եւ այդ քայլերով թշնամական հարաբերություններ չձեւավորի մնացած տնտեսվարողների հետ, որոնցից շատերը, ինչպես արդեն նշեցինք, անհայտ էին եւ են: Եւ իրոք, շատերը տարակուսում էին ու հարցնում, թե ինչպե՞ս է ընկերությունը վճարելու իր հարկերը: Ու նաեւ թերահավատորեն կարծիք էին հայտնում, թե հարկային մարմինները դժվար թե թողնեն հանգիստ աշխատել, հակառակ դեպքում իրենք վաղուց կաշխատեին հարկային դաշտում: Գոյություն ունեցող հենց այս իրավիճակն էր, որ ցավալի եւ անհասկանալի էր «Օսկի» ՍՊԸ-ի համար: Եւ նաեւ պետք էր գործել այնպես, որ առաջին հերթին հենց Թուրքիայից ապրանք ներկրողները դառնային «Օսկի» ՍՊԸ-ի գնորդները: Հայաստանում ոսկու առեւտրով զբաղվողներին, որոնք ամեն կերպ ձգտում են գործ չունենալ մաքսային ու հարկային կառույցների հետ, շատ դժվար է առաջարկել համագործակցություն` նախապես տեղյակ պահելով, որ ապրանքիդ մասին կա բացարձակապես ամեն կարգի տեղեկություն մաքսային եւ հարկային մարմիններում: Շատ դժվար է վստահություն նվաճել, որ դու` նորեկդ, ուղարկված մարդ չես, մանավանդ, որ մարդիկ ոչ մի կերպ չէին հասկանում հարկային դաշտում թափանցիկ կերպով գործելու ոգեւորվածությունդ: Համենայն դեպս շատ մեծ դժվարությամբ, բայց հնարավորություն եղավ կազմակերպելու վաճառքը: «Օսկի» ՍՊԸ-ն շատ լավ գիտակցում էր, որ երկար ճանապարհ կա անցնելու, մինչեւ լիակատար վստահություն ձեռք բերվի, ու մարդիկ կամաց-կամաց Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով ապրանք բերելու փոխարեն սկսեն գնել օրինական ճանապարհով ու ոչ Թուրքիայից բերված ապրանք: Ցավոք, դա չհաջողվեց «Օսկի» ՍՊԸ-ին, եւ աշխատել սկսելուց մեկ տարի անց ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը: Կարծում ենք, որ դրան մեծապես նպաստեցին այն չերեւացող պաշտոնյաները, ովքեր հովանավորում են մաքսանենգ ճանապարհով ոսկու ներմուծումը Հայաստան:

 

 

Հիմա գանք «Օսկի» ՍՊԸ-ի կողմից իրականացված վաճառքին եւ մուծած հարկերին:

 

  ՀԱՐՑԵՐ    ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
1. Արտաքին տնտեսական որեւէ գործունեություն է իրականացրե՞լ արդյոք «Օսկի» ՍՊԸ-ն: 1. Այո, «ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմի շրջանակներում որպես վերաներմուծում ՀՀ է բերել ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատներ:
2. «Օսկի» ՍՊԸ-ն վճարե՞լ է արդյոք «ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմի շրջանակներում որպես վերաներմուծում ՀՀ բերված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների մաքսային վճարները: 2. Այո, վճարել է: (Տե՛ս C9919, C10963, C13940, C16765 մաքսային հայտարարագրերը):
3. «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմի շրջանակներում որպես վերաներմուծում ՀՀ բերված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատները մաքսազերծելուց հետո, ի՞նչ է արել «Օսկի» ՍՊԸ-ն այդ ապրանքը: 3. «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմի շրջանակներում որպես վերաներմուծում ՀՀ բերված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատները մաքսազերծելուց հետո, «Օսկի» ՍՊԸ-ն այդ ապրանքը վաճառել է «Մետաքս գոլդ» ոսկերչական շուկայում` ըստ շուկայի տնօրինության եւ ընկերության միջեւ կնքված պայմանագրի:
4. Իրավունք ունե՞ր արդյոք «Օսկի» ՍՊԸ-ն ինքը որոշելու իր կողմից վաճառվող ապրանքի գինը: 4. Այո, «Օսկի» ՍՊԸ-ն ոչնչով կաշկանդված չէր ինքնուրույն որոշել իր կողմից վաճառվող ապրանքի գինը, որքան էլ որ այդ գինը որեւէ մեկին կասկածելի կամ անհաճո լինի:
5. Իրավունք ունե՞ր արդյոք «Օսկի» ՍՊԸ-ն իր ապրանքը վաճառելու ցանկացած անձի (ֆիզիկական, իրավաբանական), առանց պարտադրված լինելու իմանալ նրա ով լինելը, թե՞ օրենքով արգելված էր նրան նման գործողություններ: 5. «Օսկի» ՍՊԸ-ն իրավունք ուներ իր ապրանքը վաճառելու ցանկացած անձի (ֆիզիկական, իրավաբանական), առանց պարտադրված լինելու իմանալ նրա ով լինելը, ինչպես նաեւ ապրանքը ձեռք բերելու նրա նպատակը:
6. Հարկային կամ պետական ցանկացած այլ մարմնի կողմից արձանագրվե՞լ է արդյոք որեւէ փաստ, որը ցույց տա, թե «Օսկի» ՍՊԸ-ն ի՞նչ գնով է վաճառել իր ապրանքը: 6. Ոչ, չի արձանագրվել: Իսկ եթե արձանագրվել է, ապա դա արձանագրած մարմինը պարտավոր է ցույց տալ դրա օրը, ժամը, գնորդին, հանգամանքները եւ վերջապես գինը: Հարկային կամ պետական ցանկացած այլ մարմնի կողմից սույն փաստը ցույց չտալու դեպքում «Օսկի» ՍՊԸ-ի կողմից ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների վաճառքի գին հայտարարած ՑԱՆԿԱՑԱԾ թիվ` հիմնավորված թե անհիմն, հավաստի է` ըստ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի:
7. Հարկային կամ պետական ցանկացած այլ մարմնի կողմից արձանագրվե՞լ է արդյոք որեւէ փաստ, որ «Օսկի» ՍՊԸ-ն վաճառած լինի ոչ թե ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատներ, այլ ավարտուն զարդեր կամ ցանկացած այլ ապրանք, որը տարբերվի C9919, C10963, C13940, C16765 մաքսային հայտարարագրերում նշված ապրանքից: 7. Ոչ, չի արձանագրվել: Իսկ եթե արձանագրվել է, ապա դա արձանագրած մարմինը պարտավոր է ցույց տալ, թե ո՞ր օրը, ո՞ր ժամին, ի՞նչ տեսքի, ի՞նչ ապրանք եւ ո՞ւմ է վաճառվել:
8. Խախտե՞լ է արդյոք «Օսկի» ՍՊԸ-ն շուկաներում իրականացվող վաճառքի համար սահմանված որեւէ նորմ: 8. Ոչ չի խախտել: Եթե հարկային, պետական, հասարակական որեւէ կառույց, կազմակերպություն, անհատ կարծում է, որ «Օսկի» ՍՊԸ-ն խախտել է շուկաներում իրականացվող վաճառքի համար սահմանված որեւէ նորմ, ապա թող հայտարարի, թե ո՞ր նորմը, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում է խախտել եւ ինչպե՞ս է արձանագրվել այդ խախտումը:
9. Արդյո՞ք «Օսկի» ՍՊԸ-ն իր վաճառքի 80 տոկոսից ավելին իրացրել է մեկ հարկ վճարողի: 9. Ոչ, «Օսկի» ՍՊԸ-ն ունեցել է բազմաթիվ գնորդներ: Իսկ եթե հարկային կամ պետական ցանկացած այլ մարմին կասկածում է, որ «Օսկի» ՍՊԸ-ի վաճառքի 80 տոկոսից ավելին իրացվել է մեկ հարկ վճարողի, ապա ո՞ր հարկ վճարողին, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ քանակությամբ ապրանք է վաճառվել, ո՞վ ու ինչպե՞ս է դա արձանագրել, ինչո՞վ է դա հիմնավորվում: Այս հարցերին չպատասխանելու դեպքում ցանկացած կասկած, միտք, ենթադրություն անհիմն է, զրպարտություն, անկախ այն հայտնող անձի կամ հաստատության ով լինելուց:
10 Արդյո՞ք ավելացված արժեքի հարկ վճարող է «Օսկի» ՍՊԸ-ն: 10. Ոչ, «Օսկի» ՍՊԸ-ն ավելացված արժեքի հարկ վճարող չէ, ըստ ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 27-րդ կետի:
11. Կա՞ արդյոք անհամապատասխանություն C9919, C10963, C13940, C16765 մաքսային հայտարարագրերում նշված ապրանքի քանակության, «Օսկի» ՍՊԸ-ի կողմից վաճառված ապրանքի քանակության, հդմ փաստացի տվյալների եւ ներկայացված հաշվետվության միջեւ: 11. Ոչ, չկա ոչ մի անհամապատասխանություն, ամեն ինչ արված է ըստ օրենքի պահանջի:
12. Վճարե՞լ է արդյոք «Օսկի» ՍՊԸ-ն օրենքով նախատեսված իր հարկերը եւ ունի արդյոք հարկային պարտավորություններ ՀՀ-ի առջեւ: 12. «Օսկի» ՍՊԸ-ն վճարել է օրենքով նախատեսված իր հարկերը, եւ ըստ Էրեբունու տարածքային հարկային տեսչության տվյալների, ընկերության պարտքը ՀՀ-ին կազմում է 23 (քսաներեք) դրամ:

 

2012թ. ապրիլին ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը փորձեց 37միլիոն դրամի իբր չմուծած մաքսատուրք գանձել «Օսկի» ՍՊԸ-ից: Երկար, ժամանակակորուստ եւ ո՛չ ՍՊԸ-ին, եւ ո՛չ էլ պետությանը որեւէ օգուտ բերող դիմում-բողոքների ու դատարկ պատասխանների արդյունքում ՊԵԿ-ը հրաժարվեց իր պահանջած գումարից եւ քրեական գործի հարուցումը մերժվեց հանցակազմի բացակայության պատճառով: Մաքսայինով չկարողանալով ազդել «Օսկի» ՍՊԸ-ի վրա` ՊԵԿ-ը փորձեց հարկային մասով պատժել անցանկալի տնտեսվարողին: Գործունեությունը դադարեցնելուց ամիսներ անց ՍՊԸ-ն կանչվեց օպերատիվ-հետախուզական վարչություն: Տարօրինակ օպերատիվություն, բայց դա թողնենք: Այդ վարչության բաժիններից մեկի պետը թե տեղակալը, էական չէ` Գարիկ Դարբինյանը տեսնելով, որ իր գոռգոռոցներին տրվում են քաղաքակիրթ եւ սպառիչ պատասխաններ, սպառնաց, որ «Օսկի» ՍՊԸ-ի հետ ինքը կխոսի օրենքով: Իսկ տեսնես ինչպե՞ս էր պատրաստվում խոսելու: Մեր կարծիքով, ՊԵԿ-ը չկարողացավ հանդուրժել այն, որ ի տարբերություն այլ տնտեսվարողների, որոնք գուցե վճարել էին հետբացթողումային հսկողության վարչության նաեւ նրանց վրա «նկարած» թվերը, «Օսկի» ՍՊԸ-ն առանց դատարանի կարողացավ հաղթող դուրս գալ, եւ մանավանդ այն բանից հետո, երբ Գարիկ Դարբինյանի եւ ընկերության լիազորված անձ Տիգրան Մոսինյանի միջեւ «զրույցը» չկայացավ, եւ ՕՀՎ-ն չարձանագրեց «Օսկի» ՍՊԸ-ի կողմից օրենքը խախտելու ոչ մի դեպք, գործեց «օրենքով խոսելու» սպառնալիքը, եւ «Օսկի» ՍՊԸ-ն կանչվեց արդեն քննչական վարչություն: Օպերատիվ-հետախուզական վարչությունում եւ դրանից հետո ՊԵԿ քննչական վարչությունում իմ տված տեղեկությունները ոչ մի բանի համար հիմք չեն կարող լինել անկախ նրանցում արտահայտված մտքերի իրական լինելուց: Դրանք ոչ ճի՛շտ են, եւ ո՛չ էլ կեղծ: Դրանք առ ոչինչ են: Եթե պետությունը ինչ-որ բաներ ունի «Օսկի» ՍՊԸ-ի դեմ, թող խոսի փաստերով, ապացույցներով, այլ ոչ թե կասկածներով, ենթադրություններով, վախի մթնոլորտում տարբեր մարդկանցից կեղծ տեղեկություններ կորզելով` դարանակալելով, թե որտե՞ղ, ինչպե՞ս կսայթաքեն, որ գործ սարքեն վրաները: Մինչ այսօր էլ պարզ չէ, թե ի վերջո Ո՞Վ եւ Ի՞ՆՉ է ուզում «Օսկի» ՍՊԸ-ից եւ ի՞նչ հիմնավորումով: Թե՛ օպերատիվ-հետախուզության աշխատակիցները, թե՛ քննիչ Ա. Գեւորգյանը թերահավատորեն էին նայում այն հանգամանքին, թե ինչ գնով է «Օսկի» ՍՊԸ-ն վաճառել իր ապրանքը: Բացարձակապես անհասկանալի է, թե ի՞նչն են հիմք ընդունում այդ մարդիկ իրենց դատողությունների համար եւ ի՞նչ հիմնավորումով:

 

1. Ներդրված գումարը: Եթե գրամով վաճառվող ոսկերչական իրերի համար որեւ մեկը հիմք ընդունի ներդրած գումարը, այսինքն հաշվարկը կատարի ոչ թե կատարած աշխատանքի վրա, այլ նաեւ ոսկու` որպես մետաղի գինը, ապա կնշանակի, որ այդ մարդը ոսկերչությունից ոչինչ չի հասկանում եւ դժվար թե կարողանա ոսկերչական որեւ իր վաճառել: Որտե՞ղ է գրված, որ ներդրված գումարը երաշխիք է գործի հաջողության համար: Եթե այդպես լիներ, մաթեմատիկոսները կլինեին աշխարհի ամենահաջող բիզնեսմենները: Մինչդեռ դա այդպես չէ: 1 միլիոն դրամ վաստակելու համար տարադրամի փոխանակման կետ աշխատացնողը գործի մեջ պետք է ներդնի առնվազն 400 անգամ ավելի գումար եւ դա ոչ մի երաշխիք չէ գործի հաջողության համար: Նույն` 1 միլիոն դրամը վաստակելու համար ներկարարին կամ թարգմանչին գրեթե ներդրում պետք չէ եւ ավելի քիչ ժամանակ է հարկավոր: Իսկ կոշիկի բիզնե՞սը, ավտոյի: Ու ի՞նչ: Բոլորը թարգմանիչ կամ ներկարար դառնա՞ն: Յուրաքնաչյուրն անում է այն, ինչ ինքն է հարմար գտնում ու այստեղ չկա որեւէ օրենք, առավել ես պարտադրանք: Հետեւաբար`

 

2. «Օսկի» ՍՊԸ-ն վաճառել է աշխատանք, որը կատարվել է ոսկին ֆիզիկական մի ձեւից մեկ այլ ձեւի բերելու համար: Իսկ այդ գումարը անհամեմատ քիչ է` մեկ գրամի համար 25ցենտ, որը նշված է «Օսկի» ՍՊԸ-ի եւ իտալական կողմի միջեւ կնքված պայմանագրում: Այսինքն, ՍՊԸ-ն վաճառել է այդ 25ցենտը` մաքսազերծման ծախսերի հետ միասին: Իհարկե հաշվարկվել է նաեւ մետաղական ոսկու գինը` հաշվի առնելով այդ պահին նրա շուկայական գինը: Բա ուրիշ ո՞նց: Ի դեպ, փոխարժեքային գին ունի նաեւ փողը, այնպես չէ, որ փողը միշտ, բացարձակ ու անփոփոխ արժեք է: Իսկ ըստ մեր օպերատիվ աշխատակիցների եւ քննիչների` նույն զարդը կամ զարդի մասը եթե պատրաստվի արծաթից կամ թեկուզ երկաթից, պիտի համարյա ձրի լինի՞, քանի որ դրանք ոսկուց շատ էժան ե՞ն: Ի՞նչ տարբերություն, թե ինչի՞ց ես օղ սարքում: Գործը գործ է ու տարբերությունը կարող է միայն մետաղի ֆիզիկական հատկությունը լինել, բայց ոչ թե գինը: Էդ Հայաստանում կարող են Մերսեդեսը թանկ ներկել, իսկ Ժիգուլին` էժան: Ու չնայած այս ամենին`

 

3. ինչպես արդեն նշեցինք, «Օսկի» ՍՊԸ-ն լրիվ ազատ էի եղել, որ ինքը որոշի, թե ինչ գնով վաճառի իր ապրանքը, անգամ եթե այդ պահին թվացյալ կերպով գործել է ի վնաս իրեն: Շուկա նվաճելու նախնական փուլում գրեթե բոլորն էլ վնասներ են կրում: Եւ հայաստանյան շուկաներում վաճառվող ոսկյա զարդերի գինը հիմք չի կարող ընդունվել եւ ոչ մի բանի համար, այն պարզ պատճառով, որ հենց նույն շուկաներում վաճառվող նույն ապրանքների գները շատ տարբեր են, ինչպես տարբեր են Հայաստանի բոլոր վաճառակետերում, խանութներում, դեղատներում եւ այլ տեղերում վաճառվող նույն ապրանքները` ընդ որում, հսկայական տարբերություններով: Եւ հիմք ընդունել հայաստանյան շուկաներում վաճառվող ոսկյա զարդերի գինը` կնշանակի պետական մակարդակով ընդունել, որ ՀՀ-ում կարող է վաճառվել ապրանք, որի ծագումը պետությանը լինի անհայտ: Դե իսկ եթե մի ապրանքի ծագումը, հետեւաբար եւ քանակությունը, վճարվող ու թաքցվող հարկերը ու այդ ապրանքի հետ կապված մնացած բաները պետությանն անհայտ են, ապա ինչպե՞ս կարող են այդ ապրանքի մասին տեղեկությունները հիմք լինել պետության համար համեմատելու համար այն ապրանքի հետ, որի մասին ամեն ինչ հայտնի է: ՀԴ մեքենաները աշխատում են առցանց համակարգով եւ «Օսկի» ՍՊԸ-ի գործունեության վայրն էլ հայտնի է եղել: Թող գային, տեղում տեսնեին, արձանագրեին ինչի հանդեպ որ այսօր կասկածներ ունեն ու այսօր չէր լինի այն, ինչ կա: Թե չէ «խորաթափանց» դեմքով մտքեր ցայտելը, թե երեւի ոչ թե կիսաֆաբրիկատներ, այլ ավարտուն շղթաներ է վաճառել «Օսկի» ՍՊԸ-ն, եւ երեւի դրանք վաճառել է ոչ թե տարբեր մարդկանց, այլ մեկ կամ մեկ-երկու հոգու, եւ երեւի շատ թանկ գնով է վաճառել…ու երեւի, երեւի… իհարկե, երեւի…երեւի նաեւ ոչ թե այն քանակությունն ենք վաճառել, որը երեւում է մաքսային հայտարարագրերում, այլ մի 10, 100 անգամ ավելի, ու հետն էլ ամենաարգելված բաներ էլ ենք վաճառել` է՛լ թմրադեղ, է՛լ զենք…շարունակե՞նք…փաստ ունե՞ք, փաստերով խոսեք, թե չէ երեւի…

 

էական չէ, թե ում ձեռնտու չեղավ «Օսկի» ՍՊԸ-ի գործունեությունը: Փաստն այն է, որ «Օսկի» ՍՊԸ-ն չի գործում եւ այլեւս չի գործի Հայաստանում ու չի խանգարի ոչ մեկին: Հանգիստ քնեք: Շատ փող էի՞ք ուզում: Ուզեք: Ագահությունն այդպիսի բան է: Ժամանակին պետք էր սովորել պարզապես: Քչից էլ զրկվեցիք: Ու պետությունը փոխանակ ողջուներ «Օսկի» ՍՊԸ-ի նման տնտեսվարողին, նրա կողքին կանգներ, որ նա օրինակ դառնար ուրիշների համար եւ մաքսանենգ ճանապարհով ապրանք բերելու փոխարեն մարդիկ օրինական ձեւով աշխատեին ու բյուջե փող մուծեին, ավիրեց «Օսկի» ՍՊԸ-ն, նաեւ իրեն զրկելով ՍՊԸ-ի մասով պետական մուտքերից: «Փայլօղեր» ՍՊԸ-ն համարձակվեց հետեւել «Օսկի» ՍՊԸ-ի օրինակին եւ ստեղծվելուն պես մտավ հարկային դաշտ: Ու ո՜նց զղջաց: Իսկ ի՞նչ էր արել: Մաքսազերծումից հետո հաշիվ-ապրանքագրով ապրանք էր վաճառել: Քթից եկավ: ՊԵԿ-ը մեզ է՞ր սպասում: Ի՞նչ անելու համար: Պարզ չէ՞, որ այսպիսով մնացած բոլորն էլ կմոռանան հարկային դաշտը եւ իրենց որքան բախտավոր կհամարեն ու ոնց կծիծաղեն «Օսկի» ՍՊԸ-ի անմտության հասնող խանդավառության վրա: Բայց այդպես էլ հայտնի չէ, թե ո՞ր արարքի համար է քրեական գործ հարուցվել «Օսկի» ՍՊԸ-ի դեմ, ի՞նչ պահանջ կա ՍՊԸ-ից: Ասենք, թե 10 տարով էլ նստացրեցիք, մյուս հարկատուներն էլ 10 տարի կալանավոր պահեցին: Իսկ գուցե ՍՊԸ-ն մնար, այդ 10 տարին էլ աշխատեր, փող բերեր պետությանը ու երեւի բոլորիս լավ լիներ: Հը՞: Չէ, բա չքանդե՞նք, չավիրե՞նք: Պետություն ենք չէ՞ պահում: Բա մեր նախանձը, մեր ագահությունը: Է հետո՞: Ու սա կոչվում է, թե գործում եք ի շահ պետության, իսկ «Օսկի» ՍՊԸ-ն էլ` ի վնա՞ս: Կոնկրետ ասեք, ի՞նչ եք ուզում, գուցե կա ինչ-որ վրիպակ, որը փիղ եք տեսնում, բան, որը մեզ հայտնի չէ, եւ շտկենք այդ վրիպակը: Մաքսազերծման ժամանակ էլ մաքսայինը օրենքով չնախատեսված անհասկանալի ու չհիմնավորված կլորացումներ էր կատարում` 36 հազար դրամ, 55 հազար դրամ ու այդպես ինչ-որ անկապ թվեր: Միշտ էլ դեմ ենք եղել նման երեւույթներին, բացատրություն չի եղել դրանց, բայց գլուխ չենք դրել, մուծել ենք: Հիմա դուք էլ, եթե հիմնավորված թիվ ունեք, կամ անգամ մաքսայինի կլորացումների չափով, ասեք: Բայց մտածել, թե մենք որեւէ հարկ ենք թաքցրել, առավել եւս մտածել ավելացված արժեքի հարկի մասին, անհեթեթություն է, սարքոցի, մի՛ էլ փորձեք գործել այդ ուղղությամբ:

 

«Օսկի» ՍՊԸ-ի անձնակազմը դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանում: Բայց նրանք գործում են արտասահմանում եւ նույն ոլորտում: Մենք ոչինչ չկորցրեցինք: Կորցրեցիք դո՛ւք: Մեր արտասահմանցի, ի դեպ, շատ ազդեցիկ գործընկերների հարցին, թե ինչո՞ւ այլեւս չենք աշխատում Հայաստանում, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ենք պատասխանում: Պատասխանում ենք, որ Հայաստանում անհայտ պաշտոնյաներ մեզ պատվիրել են եւ ձեզ էլ հորդորում ենք երբեք չաշխատել Հայաստանի հետ: Հիմա մեզնից ո՞վ վնաս տվեց, ո՞վ է վնաս տալիս պետությանն ու քաղաքացուն` «Օսկի» ՍՊԸ՞-ն, որ գործ ձեռնարկեց, գումարներ մուծեց պետբյուջե, թե՞ ՊԵԿ-ը, որի գործողությունների արդյունքում քայքայվեց ՍՊԸ-ի դրած գործը, պետությունը զրկվեց ՍՊԸ-ի մասով հետագա մուտքերից, ու ես էլ հենց իրենց պատճառով հեռացա Հայաստանից: Թե ի՞նչ կլինի Հայաստանի օրենսդրությունը, Հայաստանի ապագան, ի՞նչ բարքեր կտիրեն Հայասատանում, նրա պետական` մանավանդ մաքսային ու հարկային կառույցներում, ինձ չի հետաքրքրում: Բայց եթե ցանկություն ունեք Հայաստանից դուրս ներկայանալու իրականում բարոյական, առողջ արժեքներով ապրող երկրի պաշտոնյաներ, ապա ոնց հարուցել եք, այնպես էլ կարճեք «Օսկի» ՍՊԸ-ի դեմ սարքված քրեական փուչ գործը ճիշտ այնպես, ինչպես մերժեցիք քրեական գործի հարուցումը հետբացթողումայինի 37 միլիոն «նկարած» պարտքի մասով, ինչպես նաեւ դադարեցրեք տարբեր մարդկանց շանտաժելը, սպառնալը ու հնարովի «փաստերով» գործ սարքելն ու առաջ տանելը: Թողեք ամեն մեկը հանգիստ իր կյանքն ապրի: Այ դա՛ կլինի գործել ի շահ մարդկության ու նաեւ պետության:

 

«Օսկի» ՍՊԸ-ի լիազորված անձ

 

Տիգրան Մոսինյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել