Առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ո՛չ ոստիկանների, ո՛չ բանակի. Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Մարտի 1»-ի  գործով առանձնացված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը:

Պաշտպան Հայկ Ալումյանը փորձեց պարզաբանել, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի իրավիճակը գնահատել որպես սահմանադրական կարգին սպառնացող. «Հիշեցման կարգով նշեմ, որ այդ օրը՝ ցերեկը, ըստ մեղադրանքի կողմի գնաատման, խաղաղ ցույցի ժամանակ, Երևանի քաղաքապետարանի մոտ դանակահարվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ընդ որում, երբ փորձել է պաշտպանել դանակահարությունից մի ոստիկանի: Լուր էին շրջանառել նաև, որ իբրև ոստիկանները 5 տարեկան երեխա էին սպանել: Աղբամանից կոշիկ էին հանել, ասում էին՝ այդ երեխայի կոշիկն է, հետո էլ մոմավառություն էին իրականացնում այդ երեխայի հիշատակին: Պարզ չէ,  որ նույնպես ամենաօրինապաշտ քաղաքացին էլ եթե գա այդտեղ, մասնակցի ցույցին ու այդ ամենը լսի, կարող է պատահի այն աստիճանի թշնամանա ոստիկանների դեմ, որ դառնա հանցագործ: Այդ երևույթները նախագահը կարո՞ղ էր գնահատել սահմանադրական կարգին սպառնացող, թե՝ ոչ»,-նշեց Ալումյանը:

Նա նշեց, որ ընդհանրապես հնարավոր չէ գալ ու վիճարկել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից:

Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում հայտարարեց նաև. «10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձևով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… և այլն, ինքնագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով: Այլ հիմնավորում, թե ինչո՞ւ են այդ դրվագը մտցրել այս մեղադրականի մեջ՝ ոչ մի բացատրություն չունի: Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, երեքը եղել է Չերյոմուխայից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ո՛չ ոստիկանների, ո՛չ բանակի»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել