ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Նախնական քննության տվյալներով՝ Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը, օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, նպաստառուներից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն՝ անապահով ճանաչված նպաստառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիամց:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ աշխատակիցը, Սիսիան քաղաքի բնակչի հերթական տարեկան փաստագրման փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո գիտակցելով, որ վերջինիս ընտանեկան նպաստ նշանակելու անապահովության միավորը բավարար է, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, անհիմն պատճառաբանությամբ նշել է, թե անապահովության միավորը ցածր է և դեռևս 1999 թվականից անապահով ճանաչված ընտանիքին նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց իր աշխատասենյակում քաղաքացուն անձամբ առաջարկել է իրեն տալ տարեկան 2 ամիսների նպաստի գումարները:
Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2009-2014 թվականն ընկած ժամանակահատվածում քաղաքացուց անձամբ յուրաքանչյուր տարի՝ գարնան և ամռան ամիսներին, սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության շենքում ստացել է ընդհանուր 422 000 ՀՀ դրամ գումար։
Բացի այդ, աշխատակիցը, անապահովության գնահատման համակարգում հաշվառելու դիմաց, 2017թ. սեպտեմբերին Սիսիանի բնակչուհուց պահանջել է տարվա առաջին և վերջին ամիսների հասանելիք նպաստի գումարները: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2017թ. դեկտեմբերի վերջերին «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարի օժանդակությամբ անձամբ վերջինից ստացել է քաղաքացու հասանելիք 2017թ. դեկտեմբեր ամսվա նպաստի 29 000 ՀՀ դրամ գումարը։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին և 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարին, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի հիմքով:
Սակայն նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավարին՝ մասնաճյուղի հիշյալ փոստատարի՝ հետագայում աշխատելու նպատակահարմարության հարցը քննության առնելու վերաբերյալ:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: