Բարսեղ Բեգլարյանի դեպքում համաներումը կիրառելի է. դատարանի որոշում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստվայրում այսօր՝ փետրվարի 20-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատարանը հրապարակեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի ներկայացրած միջորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքով խափանման միջոցի կիրառումը չեղարկվում է՝ Բեգլարյանի և Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները, այսինքն, երաշխավորությունը և չհեռանալու մասին ստորագրությունը կիրառելու համար օրենքով նախատեսված իրավաչափ նպատակը բացակայում է կամ լիարժեք չէ:

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը իր որոշման մեջ նաև արձանագրեց, որ վերոնշյալ օրենքի համաձայն՝ համաներում հայտարարելով`պատժից ազատվում են առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` 60 տարին լրացած անձիք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Նշված օրենքի համաձայն՝ քրեական գործի հարուցումը մերժվում է, հարուցված քրեական գործը կարճվում է, ինչպես նաև դադարեցվում է քրեական հետապնդումը կամ չիրականացվում քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝ նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան 6 տարի ժամկետով ազատազրկում:

Նշենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Նշված արարքը պատժվում է 400-800 հազար դրամ տուգանքով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել