Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Արթուր Դավթյանն հարց ուղղեց այն մասին, որ ինչ եղանակ և միջոցներ է նախատեսում կառավարությունը՝ փաստաբանների, նոտարների և արբիտրաժների գործունեության ոլորտում զարգացում ապահովելու համար, ինչի մասին նշվում է կառավարության ծրագրում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը դատաիրավական համակարգի բարեփոխումների համակարգում չափազանց մեծ նշանակություն է տալիս վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմներին և եղանակներին:
«Դատական համակարգի այսօրվա գործունեությունը շատ մեծ պրոբլեմներ է ստեղծում նաև տնտեսության համար: Այսօր, այս պահին 300 միլիարդ դրամ կա ՀՀ-ում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չի, այսինքն, այդ գումարը ինչ-որ մի բանավիճային հարթակում դրած է և տարբեր մարդիկ բանավիճում են, թե այդ 300 միլիարդ դրամն ումն է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, դրա համար կարևորվում է հարցերի արբիտրաժային և այլընտրանքային լուծումներն ու զարգացումները:
Փաստաբանական գործունեությանն անդրադառնալով, վարչապետը նշեց. «Բնակնաբար, դատական համակարգն ինչքան անկախ, ազատ լինի և ինչքան վեճերի լուծման մեխանիզմներն արդար լինեն, դա իր հետ կբերի փաստաբանական գործունեության զարգացման: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ յուրաքանչյուր մասնագիտական խավ համարում է, որ ինքը պետք է լինի այն խավը, որը պետք է հարկեր չվճարի: Ստվերի մասին եք հարցնում: Օրինակ, փաստաբանական գործունեության մեջ գիտե՞նք՝ ստվեր կա, թե՝ չկա: Իհարկե, կա հսկայական ստվեր: Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք, որ փաստաբաններ կան՝ 100 հատ գործ ունեն: Եկեք գնանք տեսնենք, ինչքան եկամուտ է ցույց տվել այդ փաստաբանը, այդ 100 գործի եկամուտը ցույց տվել է, թե՝ ոչ: Բայց քանի որ փաստաբանները կազմակերպված ժողովուրդ են և սիրում են պաշտպանվել, ամեն օրենսդրական փոփոխությունից պաշտպանվում են: Բայց ասեմ՝ մենք ունենք ուրիշ պրոբլեմ, չունենք գործուն մեխանիզմ այդ եկամուտները հաշվառելու և ստվերը գնահատելու և կառավարելու համար: Այս թեմայով ոչ միայն փաստաբաններին, այլ նաև հանրության մյուս խավերին, շերտերին հրավիրում ենք երկխոսության: Մենք որևէ մեկի հակառակորդը չենք և որևէ մեկին հարվածելու խնդիր չունենք: Մենք խնդիր ունենք ընդհանուր ջանքերով մեր խնդիրները լուծելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: