Դատավորները հայցադիմում են ներկայացրել դատարան՝ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գևորգ Դանիելյանի, Սերգեյ Մեղրյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Անի Մխիթարյանի, Սերգեյ Չիչոյանի և Արմեն Խաչատրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին՝ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար միջնորդություն ներկայացնելուն պատասխանողներին պարտավորեցնելու պահանջի մասին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը, դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախգահությամբ որոշել է, որ հայցադիմումի ընդունումն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը հայցադիմումի մերժման հիմնավորման որոշման մեջ նշում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 07-ի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի որոշումը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների, թիվ 8848/80 դիմումով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի որոշում, պարբ. 32):

Այսպիսով, դատարանը որոշել է Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն:

Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձը ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի դերն ու նշանակությունը, վերջինիս անկախությունն ու ինքնուրույնությունն ապահովելու նպատակով օրենսդիրը «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանել է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել Բարձրագույն դատական խորհուրդը՝ նույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար (Դատական օրենսգիրք, հոդված 85, մաս 1):

Ընդ որում, Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

Իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են Դատական օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի պահանջների հաշվառմամբ (Դատական օրենսգիրք, հոդված 85, մաս 3):

Միաժամանակ Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվում և ավարտվում է Բարձրագույն դատական խորհրդում, իսկ այդ գործընթացում ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակվում են հաղորդում ներկայացնելով:

Հայցադիմումի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել