Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ:
«Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ ծառերն իրենց բնաբաժակներով պահպանվեին: Տեղափոխել դրանք հնարավոր չէր, քանի որ 15-20 տարեկան էին»,- նշում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
Զիջելու նշան՝ մեջտեղում սրտաձև ծառի պատկեր: Ճանապարհային ոստիկանության հետ քննարկումներից հետո ընտրված այս նշանը քաղաքացիներին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել բնությունն ու խնամքով վերաբերվել:
Նման ևս մեկ նշան է տեղադրվել Բրազիլիայի հրապարակի հարևանությամբ գտնվող ծառին: Երեկոյան ժամերին անվտանգ երթևեկ ապահովելու համար փակցված նշանները լուսաանդրադարձիչ են: Անհրաժեշտությունից ելնելով՝ առաջիկայում «կանաչ» նշաններ կտեղադրվեն նաև մայրաքաղաքի այլ հատվածներում:
«Յուրաքանչյուր ծառ մեր քաղաքի համար կարևոր է: Այս առումով՝ ծառերի և կանաչ տարածքների խնամքի համար միջոցներ չենք խնայելու: Քաղաքային նոր ձևավորվող մշակույթի նպատակը ծառերի և, առհասարակ, բնության նկատմամբ հոգատարության բարձրացումն է: Դրանք ընդգծում են նաև քաղաքային իշխանության մոտեցումները»,- ասում է Խաչիկ Հակոբյանը:
Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի