Այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության հերթական նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը գործադիրի անդամներին կներկայացնի ՀՀ կառավարության 2014 թ-ի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշման նախագիծը:
Նախագծի նպատակը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելն է։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2014 թ-ի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 2 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, համաձայն որի ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, որոնց թվում է նաև ընտանիքի եկամուտը:
Որոշման N 3 հավելվածի 23-րդ կետով սահմանված է, որ ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ են մտնում նաև կենսաթոշակը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում` նպաստները և այլն:
Կենսաթոշակ և նշված նպաստների չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման միավորը, որն էլ իր հերթին կարող է առաջացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա նշանակվող նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն) իրավունքի փոփոխության:
2019 թ-ի հունվարից նախատեսվում է կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացում, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:
Մասնավորապես, նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25.500 դրամ։
Արդյունքում, առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն այդ ընտանիքների գերակշիռ մասը։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:
Նախագիծն ընդունվելու դեպքում 2019 թվականի հունվար ամսից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: