Դատարանի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա էին անցկացնում և պահանջում կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: Ակցիայի մասնակիցները տարբեր բացականչություններով դիմավորեցին Գրիգորյանի պաշտպանին՝ փաստաբան Արսեն Մկրտչյանին՝ նրան անվանելով «տուշոնկի փաստաբան»:
Ավելի ուշ Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նկար տեղադրեց՝ գրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից տեղեկանում ենք, որ դեպքի հետ կապված ոստիկանությանում արդեն նյութեր են նախապատրաստվում:
«Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ»,-նշում է նա:
Դեպքի վերաբերյալ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է. «Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի և գույքի նկատմամբ։ Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջև։Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը և համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»։