Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:

Նիստը նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ Արամ Օրբելյանը:

«Հիմնավորումները հայտնի չեն, այսօրվա ավարտին դատարանի որոշումը կհանձնեն, որից հետո մենք կտանք մեր գնահատականը: Իմ կարծիքով, արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան չկար և բոլոր հանգամանքները հայտնի են դատարանին դեռևս միջնորդությունը տալու ժամանակ»,-նշել է նա:

Պաշտպանի խոսքով` նիստերն անհարկի ձգձգվում են: Այսօրվա նիստին, ինչպես և երեկ՝ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Դատարանը, 2018թ․ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00֊ին, դատական նիստ էր նշանակել, ապա աշխատանքային օրվա ավարտով պատճառաբանելով դատական նիստը հետաձգել էր և նշանակել այսօր` հունվարի 9֊ին:

Նշենք նաև, որ փաստաբանական խումբը գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս գրավի չափ չի նշել, սահմանվող գրավի չափը որոշել խնդրել է դատարանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել