Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բելառուսի ԱԳՆ խոսնակի արձագանքին՝ իր հնչեցրած հայտարարության վերաբերյալ:
«Այս դեպքում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես պատասխան չունեմ: Ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ և կասկած չկա, որ ինչ ասել եմ, տեղի է ունենալու: Ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և այլ գործընթացների վերաբերյալ: Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանին վերաբերող որևէ հարց և պատրաստվում ենք սկզբունքորեն և հետևողականորեն, նաև գործընկերության միջավայրում, պաշտպանել ՀՀ շահերը:
Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Փաշինյանը նշեց.
«Այդ գործարքները դատապարտում ենք և համարում ենք ընդդեմ ՀՀ շահերի: Կարծում ենք, որ նման գործարքները խափանում են ՀԱՊԿ գործընկերության բովադակությունը»,-նշել է նա:
Նշենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրեն զարմացրել էր այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: