Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Գ. Մաչանյանը։

2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում հրազենով սպանվել էին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ ճանապարհային ոստիկան։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ 2001 թվականի նոյեմբերին որոշում էր կայացվել Գ. Մաչանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նաև հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք։

Էջմիածնում հաշվառված, 47-ամյա Մաչանյանի գտնվելու վայրի մասին տեղեկությունները ստանալուն պես ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մեկնեցին Ռուսաստան։ Նրանց և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում էլ հետախուզվողը հայտնաբերվեց։

Այժմ երկու երկրների իրավապահները քննարկում են Մաչանյանի Հայաստան էքստրադիցիայի հարցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել