ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը 2017 թվականի օգոստոսի 12-ին իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ հայտնաբերել էր իգական սեռի նորածին երեխայի։ Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, և ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ ձեռնարկվել՝ նորածնի մոր ինքնությունը, երեխայի՝ ծառի տակ հայտնվելու հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել է նորածնի մոր ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981 թվականին։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 2017թ. օգոստոսի 12-ին տնային պայմաններում ծննդաբերել է իգական սեռի երեխա և ցանկանալով նորածնի գոյության փաստը քողարկել հանրությունից՝ թողել է նրան Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող անմշակ այգում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: