ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Եվրոպական միության TAIEX գործիքի շրջանակում հուլիսի 26-ին կազմակերպվել է երկօրյա քննարկում` նվիրված Հայաստանի Հանրապետությունում հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների կայացման աջակցման համակարգի ներդրմանն առնչվող հիմնախնդիրներին:
Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
Աշխատաժողովի նպատակն է պետական մարմինների մասնագետներին փոխանցել հարցի վերաբերյալ փորձագիտական մակարդակի տեղեկատվություն և գիտելիք, ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան որոշումների ընդունմանն ուղղված աջակցության մեխանիզմների ներդրման ու իրականացման հնարավոր մոդելները` հօգուտ հոգեկան, կոգնիտիվ կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց:
Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
ԵՄ փորձագիտական առաքելության այցի շրջանակում Հայաստան ժամանած Շվեդիայի Առողջության և բարեկեցության ազգային խորհրդի հաշմանդամության հարցերով ԵՄ փորձագետ Կարին Ֆլայկտը մասնակիցներին է ներկայացրել միջազգային փաստաթղթերը, ներառյալ՝ ԵՄ իրավական կարգավորումները և ռազմավարությունները, գործողությունների ծրագրերը և որոշումների կայացման աջակցման գործընթացի վերաբերյալ այլ իրավական ակտերը, ինչպես նաև անդրադարձել է գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց ինքնորոշման իրացման բարելավմանն առնչվող հիմնախնդիրներին:
ԵՄ փորձագետն անդրադարձել է նաև ԵՄ-ում, գլխավորապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան ու Ֆինլանդան, առկա իրավակարգավորումներին ու գործնական միջոցներին, որոնք ուղղված են տվյալ տիպի հաշմանդամությունն ունեցող անձանց հասարակական գործընթացներին մասնակցության ապահովմանը` որպես խնամակալության մեխանիզմի այլընտրանք:
Երկօրյա քննարկմանը մասնակցում են ՀՀ արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության և այլ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացվելու են տվյալ ոլորտում առկա ՀՀ օրենսդրական կարգավորումները, առանձնահատկություններն ու հնարավոր փոփոխությունները, որին հաջորդելու է Հայաստանի իրավական համակարգում որոշումների կայացման աջակցման մեխանիզմների հնարավոր ներդրման վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկման առարկա կդառնան ինչպես օրենսդրական փոփոխություններին, այնպես էլ այդ մեխանիզմի գործնական կիրառմանն ու դրանց ապագա ուղենիշերին առնչվող հիմնահարցերը:
Աշխատանքային քննարկումը կշարունակվի վաղը՝ հուլիսի 27-ին: