2018թ. հունիսի 26-ին խոշորամասշտաբ ոստիկանական գործողություններ են իրականացվել Բարսելnնայում, Վալենսիայում և Մադրիդում, որտեղ Իսպանիայի ազգային ոստիկանության և Կատալոնիայի տարածքային ոստիկանության (Mossos d’Esquadra) հազարից ավելի գործակալներ միջամտություն են իրականացրել Ինտերպոլի և Եվրոպոլի գործակալների հետ համատեղ: Այս մասին գրում է Elconfidencial-ը:
Ինչպես հաղորդում է Իսպանիայի դատախազությունը, գործողությունը, որը մաս էր կազմում Տեռասայի 2-րդ դատարանի (Court of Instruction) հետաքննության և համակարգվում հակակոռուպցիոն դատախազի կողմից, նպատակ ուներ բացահայտելու հայկական մաֆիայի կողմից կազմակերպված հանցագործությունը:
Հետաքննության թիրախում է 13 հանցագործություն, ինչպիսիք են՝ փողերի լվացումը, պայմանավորված խաղերը, թմրանյութերի թրաֆիքինգը և զենքերի անօրինական տիրապետումը, ինչպես նաև հանցանքներ՝ կապված շորթման, սպառնալիքների, բռնադատման և պաշտոնական ու առևտրային կեղծիքների հետ:
142 անձ է ձերբակալվել, և դատավորը արձակել է 73 հրաման՝ կապված մուտքերի և գրանցումների հետ, ինչպես նաև ընթացիկ հաշիվների արգելանքի և տարատեսակ ունեցվածքի առգրավման հետ: Նա նաև ստորագրել է ձերբակալման հինգ միջազգային հրաման:
Քննիչները համարում են, որ բերման ենթարկված անձիք կապված են այն վրացական ցանցի հետ, որը գաղտնազերծվել էր 2017 թվականի ավարտին և ուներ կապեր Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Իտալիայում և Լիտվայում: Հայկական քրեական կազմակերպությունը համարվում է այն կառույցը, որը ուժեղացել էր Իսպանիայում վրացական սխեմայի բացահայտումից հետո:
Քննիչները բացահայտել են, որ Իսպանիայում կան հայկական ծագումով օրենքով գողեր: Օրենքով գողը մի անձ է, ով բարձր դիրք է զբաղեցնում որևէ կազմակերպված հանցագործ խմբավորման շարքերում: Այս գործողության ընթացքում ձերբակալվել են դրանցից վեցը:
Հակակոռուպցիոն դատախազի կողմից ուղարկված հայտարարության համաձայն՝ բերման ենթարկվածները վերահսկել և ղեկավարել էին քրեական գործողություններ, որոնք դրանից առաջ անհայտ էին ոստիկանությանը և որոնց հետևանքները հասնում էին Եվրոպական միության տարբեր երկրներ:
Ոստիկանության աղբյուրները խոստովանում են, որ այս ցանցը դարձել էր իսպանական անվտանգության մեծագույն մղձավանջներից մեկը: Այն աշխատում էր սարդոստայնի նման. բոլորը փոխկապակցված էին, բայց գործում էին անկախորեն:
Կառույցը կազմված էր բջիջներից, որ աշխատում էին մեկուսացված ձևով և հավաքագրում իրենց գործողությունների արդյունքում ձեռք բերված ամբողջ գումարը ընդհանուր արկղի մեջ, որ կոչվում էր «օբշակ» և կառավարվում գլխավոր օրենքով գողի կողմից:
Պատրաստեց Իրավաբան.նեթ-ի թղթակից Խոսե Նիկոլաս Դոմինգես Մենդոսան